«Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Նյու Յորք Կոսմոսի» հետ

«Արարատը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Նյու Յորք Կոսմոսի» հետ

«Արարատը» վերսկսել է մարզումները, որոնք կշարունակվեն Ձորաղբյուրի մարզաբազայում մինչև դեկտեմբերի 30-ը:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմն ամբողջական կազմով  կսկսի մարզվել հունվարի 4-ից: Նույն ամսին նախատեսված է արտասահմանյան ուսումնամարզական հավաք, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա Սոչիում:

Հունվարի 16-ին և 22-ին կկայանան ստուգողական հանդիպումներ Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ փետրվարի 14-ին «Արարատը» կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ, որտեղ մինչև փետրվարի 24-ը կանցկացվի մեր թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը:

Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 18-ին «Արարատը» կխաղա PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ: Փետրվարի 20-ին «Արարատը» կհանդիպի ՄԼՍ-ի ուղեգիր նվաճած «Նյու Յորք Կոսմոսին», որի կազմում մինչև վերջերս հանդես էին գալիս լեգենդար իսպանացի հարձակվող Ռաուլը և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան: Ամերիկյան թիմի գլխավոր մարզչի օգնականն է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, թիմում հանդես է գալիս հայազգի կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը: 

Հավելենք՝ «Արարատը» կհանգրվանի «Crowne Plaza» հյուրանոցում և կմարզվի «Ventura Sportsplex» մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի «Վեստ Բրոմվիչ», «Սուոնսի», Շվեդիայի «Համարբյու», ԱԻԿ, ՄԼՍ-ի «Պորտլենդ Թիմբերս» և «Սիեթլ Սաունդերս» թիմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում