Միհրան Հարությունյանը հաղթել է Տարասկինի հուշամրցաշարում

Միհրան Հարությունյանը հաղթել է Տարասկինի հուշամրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում կայացած Սերգեյ Տարասկինի միջազգային 23-րդ հուշամրցաշարում: 

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Միհրան Հարությունյանը հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Անցկացրել եմ 5 բարդ գոտեմարտ: Հատկապես դժվար էր տրամադրվել մրցաշարին վնասվածքից հետո: Բացի այդ, աշխարհի առաջնությունից գրեթե 4 ամիս էր անցել: Մրցակցությունն այս քաշային կարգում սպասվածից բարձր էր: Բոլոր մասնակիցները միջազգային կարգի սպորտի վարպետներ էին՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրիմից, Ուզբեկստանից: Միայն եզրափակչում ինձ հաջողվեց բացարձակ առավելության հասնել մրցակցիս նկատմամբ:

Չեմ ափսոսում, որ որոշել եմ մասնակցել այս մրցաշարին, այն շատ օգտակար էր Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Առաջիկայում ևս կան մրցաշարեր, որոնց մասնակցելու հարցը կորոշենք Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հետ: Շնորհակալություն եմ հայտնում իմ անձնական մարզիչ Ռուբեն Թաթուլյանին, մարզիչներ Արամ Սարգսյանին և Սամվել Գևորգյանին: Հաղթանակս նվիրում եմ աղջկաս՝ Մոնիկային»,-ասել է Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում