«Ռեալը» 10 հոգով ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (տեսանյութ)

«Ռեալը» 10 հոգով ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Վալենսիային»: «Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպումն ուշագրավ ընթացք ունեցավ և ավարտվեց 2:2 հաշվով:

16-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ. «Ռեալի» հիանալի գրոհը եզրափակեց Կարիմ Բենզեման: Առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Սանչես Մարտինեսը Գարեթ Բեյլի նկատմամբ խախտման համար կարող էր «չղջիկներին» պատժել 11-մետրանոց հարվածով, սակայն մրցավարն ուշադրության չարժանացրեց այդ դրվագը, իսկ խաղային հաջորդ դրվագում Պեպեի՝ Անդրե Գոմեշի նկատմամբ կանոնների խախտման համար 11-մետրանոց նշանակվեց Կեյլոր Նավասի դարպասին. հարվածն անվրեպ իրացրեց Դանիել Պարեխոն:

Երկրորդ խաղակեսում կրքերն ավելի թեժացան. 68-րդ րոպեին Աբդենուրը սեփական տուգանային հրապարակում խանգարեց Կրիշտիանու Ռոնալդուին հարված կատարել, սակայն մրցավարի սուլիչը լռեց, իսկ խաղային հաջորդ դրվագում կարմիր քարտ ստացավ Մատեո Կովաչիչը:

10 հոգով մնացած հյուրերին 82-րդ րոպեին հաջողվեց երկրորդ գոլը խփել. հիանալի հարվածով աչքի ընկավ Գարեթ Բեյլը, սակայն մադրիդցիների ուրախությունը երկար չտևեց. 83-րդ րոպեին Պակո Ալկասերը վերականգնեց հաշվի հավասարությունը:

Այս հանդիպումից հետո «Ռեալն» ունի 37 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 4 միավորով, իսկ երկրորդ հորիզոնականում ընթացող «Բարսելոնային», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, մադրիդյան թիմը զիջում է 2 միավորով: «Վալենսիան» տասներորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 23 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վալենսիա» – «Ռեալ»՝ 2:2
Գոլերը՝ Պարեխո 45’/11-մետրանոց, Ալկասեր 83′ – Բենզեմա 16′, Բեյլ 82′
Հեռացում՝ Կովաչիչ 68′

Հետևեք մեզ նաև Telegram-ում