Յուրա Մովսիսյան. «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխությունն ինձ համար մարտահրավեր է

Յուրա Մովսիսյան. «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխությունն ինձ համար մարտահրավեր է

«Սպարտակն» ու «Ռեալ Սոլտ Լեյքը» վերջնական համաձայնություն են ձեռք բերել հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության մասին: Մովսիսյանը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը վարձավճարով հանդես կգա «Ռեալ Սոլթ Լեյքում», և ամերիկյան ակումբը նրա տրանսֆերն ամբողջությամբ գնելու իրավունք կունենա:

28-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակում» հանդես էր գալիս 2013 թվականի մարտից, այս ընթացքում մասնակցել է 66 խաղի և խփել է 27 գոլ: «Ռեալ Սոլթ Լեյքում» Մովսիսյանն արդեն հանդես է եկել 2007-2009 թվականների ընթացքում, խփել է 15 գոլ:

««Սպարտակը» շնորհակալություն է հայտնում Յուրա Մովսիսյանին մեր ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և նրան հետագա կարիերայում հաջողություն է մաղթում»,-ասված է մոսկովյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Մովսիսյանը նոր ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում MSL վերադարձի վերաբերյալ ասել է հետևյալը.

«Ցանկանում եմ նոր թիմիս հետ հաղթանակներ տոնել: Արդեն խաղացել եմ այստեղ և կարող եմ ասել, որ «Ռեալ Սոլթ Լեյքն» առաջընթաց է գրանցել. մրցաշարային աղյուսակի հետնապահից վերածվել է ամենաբարձր հորիզոնականների հավակնող թիմի: Այստեղ եմ եկել չեմպիոնական տիտղոս նվաճելու համար, շատ հուզված եմ: Հիանալի է, որ վերադարձել եմ. սա ինձ համար հերթական մարտահրավեր է: Ցանկանում եմ ավելի շատ գոլեր խփել, քան այն ժամանակ, երբ խաղում էի այստեղ, երբ շատ երիտասարդ էի»,-ասել է Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում