Ացամազ Բուրաև. Նպատակը մեկն է՝ օգուտ բերել «Բանանցին»

Ացամազ Բուրաև. Նպատակը մեկն է՝ օգուտ բերել «Բանանցին»

«Բանանցի» նորեկ Ացամազ Բուրաևը երկար տարիներ Վլադիկավկազի «Ալանիայում», Վլադիվոստոկի «Լուչում» և ռուսական այլ ակումբներում է հանդես եկել: Ընթացիկ մրցաշրջանի առաջին մասը հարձակվողն անցկացրել է Կապանի «Գանձասարում»՝ Հայաստանի առաջնության 12 խաղում դառնալով հինգ գոլի հեղինակ:

«Բանանցի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում Բուրաևը խոսել է այն մասին, թե ինչն է նպաստել տեղափոխությանը և կիսվել է իր ակնկալիքներով:

-Բոլորը գիտեն, որ «Բանանցը» շատ ամբիցիոզ նոր ղեկավարություն ունի՝ ապագայի մեծ պլաններով: Այդ պատճառով շատ էի ուզում հայտնվել այստեղ և մասնակցել նրան, թե ինչպես է թիմը կայանում և վեր բարձրանում: Հուսով եմ, որ այդպես կլինի:

-Դու հարձակվող ես և հարձակվողից միշտ գոլեր են սպասում: Ինքդ քո առջև դրե՞լ ես անհատական նպատակներ մրցաշրջանի երկրորդ հատվածի համար:

-Անհատական նպատակը մեկն է՝ օգուտ բերել թիմին: Ինչ վերաբերվում է գոլերին, ապա տա Աստվա՛ծ սկսեմ առաջինից, իսկ հետո կտեսնենք:

-Ինչի՞ հաշվին «Բանանցը» կարող է շտկել ստեղծված մրցաշարային իրավիճակը:

-Դրական գործոնները շատ են՝ լավ ֆուտբոլիստներ, լավ մարզչական շտաբ: Շուրջֆուտբոլային բոլոր հարցերը բարձր մակարդակի վրա են: Եթե մի փոքր բախտներս բերի, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի:

-Արդեն մի քանի օր է՝ աշխատում ես թիմի հետ: Ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները:

-Տպավորությունները միայն դրական են: Տղաներից մի քանիսին ճանաչում եմ, մյուսների հետ աստիճնաբար կծանոթանամ:

-Տարբեր քեզ անծանոթ լեզուները շատ են «Բանանցում»: Դժվար չէ՞ այդ առումով:

-Իսկապես անծանոթ լեզուները շատ են, բայց ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում: Շատ հետաքրքիր թեստեր ենք անցնում այս օրերին, որպեսզի իմանանք, թե ինչի է ընդունակ օրգանիզմը, չափում են քաշը… Այսպիսի թեստերի կյանքում չէի հանդիպել: Շատ հետաքրքիր է և կարծում եմ հետագայում ավելի հետաքրքիր կլինի, երբ սկսվեն խաղային մարզումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում