Հայ ըմբիշները մրցաշարերի կմասնակցեն Բուլղարիայում և Թուրքիայում

Հայ ըմբիշները մրցաշարերի կմասնակցեն Բուլղարիայում և Թուրքիայում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 13-28-ը ուսումնամարզական հավաք է սկսել Երևանի «Հավաքականների մարզումային կենտրոնում»: Հավաքից հետո հավաքականի հիմնական կորիզը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Դան Կոլով և Նիկոլա Պետրով ամենամյա միջազգային մրցաշարին:

ՀԸՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բուլղարիայի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը, Գևորգ Ղարիբյանը, Նարեկ Խաչատրյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին Սոֆիայում կօգնեն Էդուարդ Սահակյանն ու Սամվել Գևորգյանը, իսկ Գևորգ Ալեքսանյանը Հայաստանը կներկայացնի որպես մրցավար:

Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրել է, որ նույն ժամանակահատվածում Արսեն և Արամ Ջուլֆալակյաններն Արամ Գասպարյանի գլխավորությամբ Ստամբուլում կմասնակցեն ևս մեկ շատ ուժեղ մրցաշարի:

«Օլիմպիական վարկանիշային մրցաշարերից մեկն անցկացվելու է Ստամբուլում: Եվ քանի որ այս մրցաշարին պատրաստվում են մասնակցել Արսենի հիմնական մրցակիցները, ուստի նպատակահարմար գտանք նրան ուղարկել Թուրքիա, որպեսզի և՛ ծանոթ լինի մարզադահլիճում տիրող մթնոլորտին, և զգա իր մոտակա մրցակիցների ներուժը: Արամ Ջուլֆալակյանն էլ նրան օգնելու է մարզումային գործընթացում»,-Ջուլֆալակյանի խոսքը մեջբերված է ՀԸՖ-ի կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում