«Ես կյանքն եմ սիրում». Ռաուլի և նրա կնոջ՝ «Vanity Fair»-ին տված հարցազրույցը

«Ես կյանքն եմ սիրում». Ռաուլի և նրա կնոջ՝ «Vanity Fair»-ին տված հարցազրույցը

Նա ֆուտբոլին նվիրեց ավելի քան երկու տասնամյակ, խաղակոշիկները մեխից կախեց 38 տարեկանում: Նա լեգենդ է ֆուտբոլային դաշտում և դրա սահմաններից դուրս: Հանուն նրա Մամենը թողեց մոդելի կարիերան: 

Ռաուլը և Մամեն Սանսը Մանհեթենում, որտեղ հիմա ապրում է նրանց ընտանիքը, «Vanity Fair»-ին «Իսկ հիմա ի՞նչ» խորագրով հարցազրույց են տվել, որը ներկայացված է ձեր ուշադրությանը:

***

«Նյու-Յորքում ավտոմեքենաներ գրեթե չեն օգտագործում. տեղաշարժվում են մետրոյով կամ ոտքով: Այս քաղաքը 5 երեխա ունեցող ընտանիքի համար չէ: Դուք նման ընտանիքներ փողոցում չեք տեսնի, բայց մեր բախտը բերել է. երեխաներն հաճախում են կաթոլիկ դպրոց, հարմարվել են և լավագույնների թվում են միջնակարգ դպրոցում: Հանգստյան օրերին միասին գնում ենք Կենտրոնական զբոսայգի՝ վազելու կամ հեծանիվ քշելու»,-ահա այսպես է Մամենը ներկայացնում ամերիկյան քաղաքի կյանքը:

Նա մտածում է, որ Նյու-Յորքի մարաթոնին պատրաստվելու ժամանակն է և ցանկանում է, որ երեխաների դաստիարակությունն առանց հեռախոսների և պլանշետների անցնի. «Գերադասում եմ՝ նրանք միասին խաղան»:

Կարիերան ավարտելուց հետո Ռաուլն արագ անցավ նոր աշխատանքի. նա ԱՄՆ-ում զբաղվելու է իսպանական ֆուտբոլի զարգացման և հեղինակության բարձրացման ուղղությամբ: Չնայած Ռաուլն ընդունել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի առաջարկը և 3-ամյա պայմանագիր է կնքել՝ շշուկները նրա անունը կապում են մարզչական աշխատանքի հետ: 

«Բոլորը խոսում են այդ մասին, ցանկանում են նպաստել իմ առաջխաղացմանը: Ինձ ժամանակ է հարկավոր: Իմ կյանքը միշտ միատեսակ է եղել, իսկ հիմա պետք է հասկանամ՝ արդյո՞ք ինձ պակասում է մրցակցության ոգին: Ես ինքնազարգացման սեփական ծրագիր ունեմ: Մտադիր եմ սովորել այն ամենը, ինչը կապված է ֆուտբոլի հետ՝ սպորտային մենեջմենթ, բիզնես: Առանց ճնշման աշխատելու ժամանակն է: Հետո կհասկանամ՝ ինձ դու՞ր է գալիս նման գործունեությամբ զբաղվելը, և մի քանի տարվա ընթացքում կվերադառնամ «Ռեալ»»,-իր ծրագրերի մասին է պատմում Ռաուլը: 

Մամենը պատմում է Ռաուլի հետ ծանոթության մասին. «Մեզ ընդհանուր ընկեր է ծանոթացրել: Նա ինձ ծանոթացրել է նաև Գուտիի, Ալվարոյի հետ: Ֆուտբոլիստների նկատմամբ վստահություն չէի զգում, փորձում էի հեռանալ այդ միջավայրից, բայց ճակատագիրը թույլ չտվեց»:

Ռաուլը բոլոր գոլերը նվիրել է Մամենին՝ համբուրելով ամուսանական մատանին: Նայելով ամուսնուն՝ Մամենն ասում է. «Ռաուլն ամեն ինչ հեշտությամբ է անում: Երջանիկ լինելու համար նրան շատ բան հարկավոր չէ: Նա ինձ իմ հորն է հիշեցնում: Հայրս «NISSAN»-ում է աշխատել, մայրս վարսահարդար է եղել, բայց իմ ծնվելուց հետո թողել է աշխատանքը: Ծնողներիս սիրո պատմությունն իմ իմացածներից մեծագույնն է: Նրանք իրար ձեռք են բռնում անգամ հեռուստացույց նայելիս»:

Պատասխանելով այն հարցին, թե որդիներից որևէ մեկը կշարունակի՞ հոր ուղին՝ Մամենն ասում է. «Նրանց հայրը շատ բարձր նշաձող է սահմանել: Նրանց համար հեշտ չի լինի: Ես բացատրում եմ, որ ֆուտբոլիստ դառնալը միլիոնավոր երեխաների երազանքն է, և, հավանաբար, նրանք իրենք հնարավորությունը կստանան, բայց դա առանձին հնարավորություն չէ: Առաջին հերթին պետք է լավ սովորել: Կրթությունն այն է, ինչը քեզանից երբեք չեն խլի»: 

Ռաուլը խոսեց ֆուտբոլիստներին շրջապատող սկանդալների մասին. «Ֆուտբոլիստների մասին մտածում են, որ նրանք միշտ պետք է տանը լինեն կամ մարզասրահում, բայց մենք էլ մեր անձնական կյանքն ունենք: Երբ դու 3-4 խաղ պարտվում ես, սթրեսային իրավիճակում ես հայտնվում: Օրինակ՝ Ռոնալդուն 50 գոլ է խփում, բայց երբ չի խփում երկու դեպքում, ամեն ինչ նորից է սկսում: Մեզանից շատ պահանջներ ունեն: Փոքր հասակից փորձել եմ լավ մարդկանցից օրինակ վերցնել: Օրինակ՝ Բուտրագենյոն. որպես ֆուտբոլիստ՝ նա կարող էր լինել սիրված կամ չսիրված, բայց բոլոր մայրերը ցանկանում էին, որ իրենց աղջիկները նման տղայի հանդիպեն: Երեխաները հետևում են ամեն ինչի, կրկնօրինակում են ֆուտբոլիստների քայլերը, բայց երբեմն մենք էլ 20 կամ 25 տարեկանում մնում ենք երեխա… Ոչ ոք քեզ չի սովորեցնում՝ ինչպես տնօրինել գումարը, որով կարող ես գնել սրտիդ ուզածը»:

Չնայած լավ աշխատավարձին՝ Ռաուլը ժամանակակից մարդու յուրահատուկ տեսակ է. «Ծնողներս միշտ կողքիս են եղել: Ինձ էլ երբեք դուր չեն եկել մեքենաները, ժամացույցները: Ես կյանքն եմ սիրում, մանրուքները, զբոսնելը, բնությունը, կինո գնալը, մարզաշխարհին հետևելը, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը և գարեջուր խմելը…»

Ռաուլը նշում է, որ իր առաջին կուռքը Մարադոնան է և լավ է խոսում Ժոզե Մոուրինյուի մասին. «Գրեթե բոլոր ֆուտբոլիստները նրա մասին ջերմությամբ են խոսում: «Ռեալում» նա մեծ աշխատանք կատարեց»:

Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է Ռաուլի՝ «Ռեալում» խփած գոլերի քանակով ռեկորդը, բայց իսպանացին գովասանքով է խոսում նրա մասին. «Ֆիզիկապես նա գազանի նման ուժեղ է և հիանալի տղա է: Կրիշտիանուի հետ ֆանտաստիկ հարաբերություններ ունեմ»:

Ռաուլը պատմում է «Ռեալի» մարզահագուստով իր վերջին տարիների մասին. «Շատ երջանիկ եմ եղել: «Ռեալում» անցել են իմ լավագույն տարիները, բայց եկավ պահը, երբ ես այլևս պատրաստ չէի: Երկար տարիների ընթացքում ավագ եմ եղել, նախագահները փոխվել են… Հարակից երևույթների պատճառով ես կորցրել էի էներգիաս և մարզադաշտում այլևս թարմ տեսք չունեի: Երբեմն ուղեղդ մի բան է ցանկանում, բայց մարմինդ թույլ չի տալիս… Ցավով ես խաղում: Արթանանում ես ցավով և մտածում ես, որ պատրաստ չես լինի խաղալ»:

Մամենին հարցնում ենք՝ ինչպե՞ս են Ռաուլի հետ երեխաներին բացատրել Մադրիդից հեռանալը. «Ասել ենք, որ հայրիկի աշխատանքով պայմանավորված նոր փորձ ենք ունենալու: Կարևոր չէ, թե որտեղ ենք, կարևորը՝ միասին ենք: Մեր ընտանիքի հիմքը միասնությունն է, ոչ թե տարբեր իրեր: Իրերից ինձ համար նշանակություն ունեն միայն ընտանեկան լուսանկարները»:

2010 թվականին Ռաուլն ընդունեց առաջարկը Գելզենկիրհենից և «Շալկե 04»-ի մարզահագուստով դարձավ Գերմանիայի խորհրդանիշ: Հետո Քաթարի «Ալ Սադդն» էր, ապա համեստ «Նյու-Յորք Կոսմոսը»: Հարց է առաջանում՝ ինչու՞ Ռաուլը կարիերան Մադրիում չավարտեց. 

«Դա իմ երազանքն էր, բայց երեխաները մեծանում են: Մեծ տղաս արդեն ճնշում էր զգում. եթե քո հայրը հեռանա… 2010 թվականին ես ու Մամենը մտածեցինք, որ լավագույն տարբերակը հեռանալն է: Ես թողեցի «Ռեալը», իսկ 3 ժամ անց Գերմանիայում է: Հուզված է, բայց միևնույն ժամանակ ինձ ազատված էի զգում: Վերականգնվեցի: Կարծում էինք, որ երեխաները չեն հարմարվի, բայց առաջին իսկ օրը նրանք դպրոցից ժպիտով վերադարձան: Հետո Քաթարում նրանք արաբ երեխաների հետ էին խաղում, անգլերեն էին շփվում:

Չեմ զղջում ոչ մի բանի համար. այն փորձը, որն իմ երեխաներն ունեն, չես կարող ստանալ գրքերից կամ լավագույն համալսարաններից: Նրանք լեզուներ գիտեն, դարձել են համբերատար և պատրաստ են ընդունել նորություններ»:

Ի դեմս Պեպ Գվարդիոլայի՝ «Ռեալի» լեգենդը տեսնում է լավ ընկերոջ և հաջողակ մարզչի. «Մենք շատ էինք սիրում ֆուտբոլը: Հիանալի դիմակայություն էր: Պեպի հետ միասին հավաքականում ենք խաղացել: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել: Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից է»:

«Ռեալի» և «Բարսելոնայի» հակամարտության մասին Ռաուլը խաղաղությամբ է խոսում. «Հազար անգամ Մամենի հետ քայլել եմ Բարսելոնայում: Մարդիկ մեզ զարմանքով էին նայում:

Ես ուրախ էի, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչում հաղթեց «Բարսելոնան», չէ՞ որ այն իսպանական թիմ է: «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցակցությունն օգտակար է երկու կողմերի համար: «Ռեալն» առանց «Բարսելոնայի» «Ռեալ» չէր լինի, իսկ «Բարսելոնան» առանց «Ռեալի» այսպիսի ակումբ չէր լինի: Այս ակումբները պետք են իրար: Հենց այս պատճառով ես երբեք «Բարսելոնային» պարտություններ կամ խնդիրներ չեմ ցանկացել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում