Սերգեյ Յուրան. «Միկայում» նոր թիմ է ձևավորվում

Սերգեյ Յուրան. «Միկայում» նոր թիմ է ձևավորվում

Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Յուրանը, ով գլխավորել է «Միկան», «Sovsport.ru»-ին տված հարցազրույցում խոսել է երևանյան ակումբի առաջարկն ընդունելու պատճառների մասին: 

-Մինչև 2016 թվականի հունիսի 1-ը նախատեսված պայմանագիր եմ կնքել՝ մինչև մրցաշրջանի ավարտը: Հետո ակումբի ղեկավարության հետ կքննարկենք համագործակցությունը շարունակելու հարցը:

-Ինչու՞ Հայաստանի առաջնություն և «Միկա»:

-Մարզչական փորձ, կան նպատակներ՝ եվրագավաթներին մասնակցություն: Չորրորդ հորիզոնականից, որը Եվրոպայի լիգային մասնակցելու հնարավորություն է տալիս, թիմը 10 միավորով է հետ մնում: Այնպես որ՝ աշխատելու ենք: Բացի այդ, կա Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը, այսինքն՝ պայքարելու ենք տիտղոսի համար: Այս հանգամանքներն են ազդել իմ որոշման վրա:

-Որքանով տեղյակ եք, արդեն հասցրել եք աշխատել թիմի հետ:

-Այո, Մոսկվայում սելեկցիոն հավաք էր անցկացվում: Երկու հանդիպում կայացավ, 10:1 հաշվով հաղթեցինք «Լոկոմոտիվ 2»-ին, 2:1 հաշվով՝ Տուլայի «Արսենալին»: Կարելի է ասել՝ նոր թիմ է ձևավորվում: Հին կազմից մնալու է միայն դարպասապահը և 4 խաղացող:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի առաջնության մակարդակը:

-Այդ մասին տեղեկացել եմ «Միկայի» նախագահ Խորեն Հովհաննիսյանից, երբ նա բանակցությունների համար ժամանել էր Մոսկվա: Տեղական ակումբների մակարդակը հավասարազոր է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի տասներորդ հորիզոնականից մինչև երկրորդ դիվիզիոնի երկրորդ հորիզոնականը գտնվողի թիմերի մակարդակին: 8 թիմ կա, խաղային 4 շրջան: Կարևորը՝ ակումբը նպատակասլաց մարդիկ են ղեկավարում:

-Թիմում սպասե՞նք ռուս ֆուտբոլիստների:

-Այո: Հայաստանում լեգիոներների քանակի սահմանափակում չկա: Միայն դարպասապահը չպետք է արտասահմանցի լինի, իսկ մյուսների հետ կապված սահմանափակումներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում