5 օրինակ, որ լավ ֆուտբոլիստ լինելը լավ մարզիչ դառնալու երաշխիք չէ

5 օրինակ, որ լավ ֆուտբոլիստ լինելը լավ մարզիչ դառնալու երաշխիք չէ

«Ռեալի» աստղերն իրավունք չունեին փչացնելու իրենց նոր գլխավոր մարզչի առաջին խաղերը, հատկապես երբ մրցակիցները «Դեպորտիվոն» ու «Սպորտինգն» են: 5:0 և 5:1, ու բոլորը գեղեցիկ մեկնարկի համար շնորհավորում են մադրիդյան ակումբի երբեմնի «5» համարին: 

Այս խաղերից հետո չի կարելի ասել, որ Զիզուն պատասխանել է բոլորին տանջող՝ «Ո՞վ է Զիդանը՝ որպես մարզիչ» հարցին: Նրա մարզչական ունակություններով հիանալու կամ դրանք կասկածի տակ դնելու համար ժամանակ է հարկավոր, սակայն արդեն հիմա Զիդանի ցանկացած գործողություն ուսումնասիրվում է մանրադիտակով: Մենք չենք շտապում համալրել հիացողների կամ քննադատողների բանակը, պարզապես ներկայացնում ենք 5 մարզչի, ովքեր չպետք է «ոգեշնչեն» Զիդանին:

Ալան Շիրեր
«Նյուքասլ» (8 խաղ՝ 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն)

Մառախլապատ Ալբիոնում շատ են ֆուտբոլիստները, ովքեր նոր ձևաչափի մեջ չեն կարողացել դրսևորվել: Այդ մեծագույն ֆուտբոլիստների թվում էին Բոբբի Չարլթոնը, Թոնի Ադամսը, Պոլ Գասկոյը: Բացառություն չդարձավ նաև Ալան Շիրերը` ի ծնե ռմբարկուն, ով ԱՊԼ-ում ամենաշատ հեթ-տրիկների (11) հեղինակն է: Շիրերը 260 գոլ է խփել ԱՊԼ-ում: Սա նշանակում է՝ նա յուրաքանյուր հանդիպմանը միջինը 0.6 գնդակ է խփել:

Ալանը ֆուտբոլիստի կարգավիճակում բազմիցս կարողացել է «Նյուքասլին» դուրս բերել բարդագույն իրավիճակներից, իսկ 2009-ին աշխատելով որպես մարզիչ՝ չկարողացավ հարազատ թիմին պահել ԱՊԼ-ում: 2008-09թթ. «Նյուքասլը» նրա գլխավորությամբ 8 հանդիպում անցկացրեց, բայց թիմը հնարավոր 24-ից 5 միավոր վաստակեց: Լիակատար ձախողումից հետո Ալանը վերադարձավ «BBC» ու շարունակեց որպես փորձագետ աշխատել: Մինչև հիմա Շիրերը չի վերադարձել մարզչական աշխատանքի:

Ֆիլիպո Ինձագի
«Միլան» (39 խաղ՝ 14 հաղթանակ,13 ոչ-ոքի, 12 պարտություն)

Սուպեր Պիպոն լավ ծանոթ է «Ռեալի» ներկայիս մարզչին, ում հետ ժամանակին խաղացել է «Յուվենտուսում»: 2000-ականների սկզբին Զիդանի և Ինձագիի ճանապարհները բաժանվեցին. առաջինն ուղևորվեց գերելու «Սանտյագո Բեռնաբեուն», երկրորդը` իր ամբողջ կյանքի ակումբը՝ «Միլանը»:

 

2012-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելով՝ Ինձագին հետագա աշխատանքի ընտրության հարցում խնդիրներ չունեցավ: Երկու տարվա ընթացքում նա «Միլանի» պատանեկան թիմի մարզչի աշխատանքից անցավ գլխավոր թիմի մարզչական աթոռին: Եթե պատանիների հետ Ինձագին ընդհանուր լեզու էր գտնում, ապա մեծահասակների հետ չկարողացավ համաձայնության գալ: Հնարավոր է՝ Ինձագին գիտելիքի, հմտության ու մարզչական առանձնահատկությունների պակաս ուներ: Ինչ էլ եղած լինի, փաստն այն է, որ Սուպեր Պիպոն չկարողացավ սիրելի ակումբին երբեմնի բարձունքին հասցնել: 

Լոթար Մաթեուս
Վիեննական «Ռապիդ» (32 խաղ՝ 9 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 14 պարտություն), սերբական «Պարտիզան» (43 խաղ՝ 28 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 9 պարտություն), Հունգարիայի հավաքական (28 խաղ՝ 11 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 14 պարտություն), «Ատլետիկո Պարանաենսե» (7 խաղ՝ 5 հաղթանակ, 2 ոչ-ոքի), «Մակկաբի Նետանիյա» (45 խաղ՝ 19 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 12 պարտություն), Բուլղարիայի հավաքական (11 խաղ՝ 3 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 5 պարտություն):

Ֆուտբոլիստի կարգավիճակում գերմանացի պաշտպանը նվաճեց այն ամենը, ինչի մասին կարող է երազել յուրաքանչյուրը: Ընդ որում, Մաթեուսը բարձր արդյունքների է հասել թե՛ ակումբային, թե՛ ազգային հավաքականի մակարդակում, իսկ 1990-ին ստացած «Ոսկե գնդակն» ամբողջացրեց բոլոր ձեռքբերումները:

Մաթեուսը, ում թիկունքում 5 Մունդիալ կա, արդեն 15 տարի է, որ մարզչական կարիերան է առաջ տանում: 54-ամյա մասնագետն այդ ամբողջ ընթացքում չեմպիոնական տիտղոսին արժանացել է միայն «Պարտիզանի» ղեկին, 2003 թվականին: Դրանից հետո Լոթարը ևս 4 ակումբի և 2 հավաքականի հետ աշխատեց, բայց այդ ամենը կարելի է մեկ բառով բնութագրել` անհաջողություն: Մաթեուսն ակնկալվող արդյունքների բացակայության հետևանքով սկանդալ ստեղծեց բոլոր աշխատատուների հետ, իսկ Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզչի աթոռից հեռացվելուց հետո բուռն քննադատության ենթարկեց երկրի ֆեդերացիային:

Խրիստո Ստոիչկով
Բուլղարիայի հավաքական (15 խաղ՝ 6 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 3 պարտություն), «Սելտա» (16 խաղ՝ 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 8 պարտություն), «Մամելոդի Սանդաունե» (30 խաղ՝ 16 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 6 պարտություն), «Լիտեքս» (54 խաղ՝ 30 հաղթանակ,10 ոչ-ոքի, 14 պարտություն), ԲԿՄԱ (առանց խաղերի):

«Բարսելոնայի» երկրպագուների սիրելի ֆուտբոլիստը 90-ականներին իսկական սարսափ էր ցանկացած թիմի պաշտպանների համար: Նրա դիպուկահարի հմտությունները հաղթահարել հնարավոր չէր, այստեղից էլ գալիս են ռմբարկուական մրցավազքում տարած բազմաթիվ հաղթանակները: 1994-ի «Ոսկե գնդակին» արժանացած, բուլղարական հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստն ավելի քան 10 տարի փորձեց գտնել իրեն նոր կարգավիճակում: Տարիներն անցան, բայց Ստոիչկովի մարզչական ունակությունները չերևացին: Նա երկու անգամ հնարավորություն ունեցավ Բուլղարիայի հավաքականի հետ աշխատելու, բայց երկու անգամն էլ չկարողացավ թիմին ընդգրկել համաշխարհային պայքարի մեջ. նրանք դուրս մնացին Մունդիալ 2006-ի և Եվրո 2008-ի եզրափակիչ փուլերից: Հետո Ստոիչկովն աշխատեց «Սելտայի» հետ, ու թիմին տարավ Սեգունդա:

Չկարողանալով իրեն լավ կողմերից դրսևորել՝ Ստոիչկովը տեղափոխվեց Հարավային Աֆրիկա: «Բարսելոնայի» հարձակվողն այլ աշխարհամասում ևս չփայլեց ու մեկ տարի անց հայրենիք վերադարձավ, որտեղ 2013-ին գլխավորեց սոֆիական ԲԿՄԱ-ն: Այնտեղ մեկ ամսից էլ քիչ աշխատեց, քանի որ չէր կարողանում դիմակայել երկրի ամենատիտղոսակիր ու հաջողակ թիմի խնդիրներին, որը պարտքերի պատճառով 2015-ին զրկվեց պրոֆեսիոնալ կարգավիճակից: Այսօր 49-ամյա մասնագետն ԱՄՆ-ում է ապրում և մարզական հեռուսատաալիքներից մեկի մեկնաբանն է:

Դիեգո Մարադոնա
«Մանդիյու» (12 խաղ՝ 1 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 6 պարտություն), «Ռասինգ» (11 խաղ՝ 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 6 պարտություն), Արգենտինայի հավաքական (19 խաղ՝ 14 հաղթանակ, 5 պարտություն), «Ալ-Վասլ» (22 խաղ՝ 7 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 10 պարտություն):

Հիանալի ֆուտբոլիստ: Նեապոլում և Բուենոս-Այրեսում համապատասխանաբար «Նապոլիի» և «Բոկի Խունիորսի» երկրպագուների համար Մարադոնան իսկական կուռք է: Նա անհատական բազմաթիվ պարգևներ է ստացել, որոնք թվարկելու համար առանձին նյութ կպահանջվի: Հզորությունը մարեց, երբ լեգենդար ֆուտբոլիստը որոշեց մարզիչ դառնալ:

Երբեմնի Ոսկե տղայի մարզչական ամբողջ կարիերան սկանդալների ու դատավորների աշխատանքից դժգոհելով անցավ: Մարադոնան մարզչական կարիերան սկսեց արգենտինական «Մանդիյուից», որտեղ կես տարի աշխատելուց հետո նախագահին ծեծելու պատճառով հեռացվեց: «Ռասինգում» ևս ոչինչ դուրս չեկավ այնպես, ինչպես ԱՄԷ-ի «Ալ-Վասլում»: Վերջիններիս Մարադոնան խոստացել էր չեմպիոն դարձնել, բայց դրա փոխարեն լքեց Էմիրաթները, երբ թիմն առաջատարից հետ մնաց գրեթե 30 միավորով:

Պետք է  անդրադառնալ նաև Արգենտինայի հավաքականի կազմում (չ)կատարած աշխատանքին: Ամբողջ երկիրը Մարադոնային մեծ ոգևորությամբ ընդունեց, բայց արգենտինացիներն այնքան էլ բարձր արդյունք չէին ցուցադրում, հետո էլ առաջ եկավ Մունդիալ 2010-ը և Գերմանիայի հավաքականից 0:4 հաշվով կրած պարտութունը: Դրան հաջորդեցին մարզչի ու Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի «հաճոյախոսությունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում