Ֆանտաստիկ խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Նորվիչին»՝ 5:4 (տեսանյութ)

Ֆանտաստիկ խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Նորվիչին»՝ 5:4 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում առավելության հասավ «Նորվիչի» նկատմամբ: «Քերոու Ռոուդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 4:5 հաշվով:

18-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինյոն, սակայն նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերը երկու գոլ խփեցին. աչքի ընկան Դյոմերսի Մբոկանին և Սթիվեն Նեյսմիթը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, Ուեսլի Հուլահենը դիպուկ իրացրեց Մորենոյի խախտման արդյունքում նշանակված 11-մետրանոց հարվածը: Յուրգեն Կլոպի սաներին հաջողվեց 3:1 հաշվից հետո արագ ուշքի գալ. 55-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնը հաշիվը դարձրեց 3:2, ապա Ֆիրմինյոն դուբլ ձևակերպեց, իսկ 75-րդ րոպեին Ջեյմս Միլները խփեց իր թիմի չորրորդ գոլը:

Թվում էր՝ հանդիպումը կավարտվի 3:4 հաշվով, սակայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածում ևս թիմերը մեկական գոլ խփեցին. 92-րդ րոպեին Սեբաստյան Բասոնգը հաշիվը դարձրեց 4:4, իսկ 95-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ադամ Լալանան:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Նորվիչը» մնաց 23 միավորով՝ 16-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Նորվիչ» – «Լիվերպուլ»՝ 4:5
Գոլերը՝ Մբոկանի 19′, Նեյսմիթ 41′, Հուլահեն 54′ / 11-մետրանոց, Բասոնգ 90+2′ – Ֆիրմինյո 18′, 63′, Հենդերսոն 55′, Միլներ 75′, Լալանա 90+5′

Հետևեք մեզ նաև Telegram-ում