Կլաուդիո Տոռեխոն. «Բանանցում» իսկական պրոֆեսիոնալներ են հավաքված

Կլաուդիո Տոռեխոն. «Բանանցում» իսկական պրոֆեսիոնալներ են հավաքված

«Բանանցի» նորեկ պերուացի 22-ամյա կիսապաշտպան Կլաուդիո Տոռեխոնը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է նոր թիմում հարմարվելու իր գործընթացի և ակնկալիքների մասին:

-Նախորդ տարվա նոյեմբերից մարզվում ես «Բանանցի» հետ: Ինչպիսի՞ն են տպավորությունները նոր թիմից:

-Ակումբը բոլոր հնարավորությունները տալիս է ֆուտբոլ խաղալու համար, կան բոլոր հնարավորությունները ֆուտբոլի վրա կենտրոնանալու համար՝ խոսքը ենթակառուցվածքների խաղադաշտերի, հագուստի և մնացած բոլոր այլ հարցերի մասին է:

-Ինչպե՞ս նոր թիմակիցներդ ընդունեցին քեզ:

-«Բանանցում» լավ մարդիկ են հավաքված, ովքեր նաև իսկական պրոֆեսիոնալներ են: Ինձ բոլորն էլ լավ ընդունեցին: Բնականաբար, ինձ համար ավելի հեշտ է շփվել իսպաներենին տիրապետող Միգել Լոպեսի, Լաերսիոյի և Վլատկո Դրոբարովի հետ, ում հետ հյուրանուցում միասին ենք բնակվում:

-Ինչպիսի՞ նմանություններ և տարբերություններ կան Հայաստանի և Պերուի առաջնությունների միջև, որտեղ հանդես ես եկել նախկինում:

-Չեմ սիրում համեմատություններ, բայց այստեղ ֆուտբոլն ավելի ուղիղ է և ֆիզիկական: Երբ նախորդ թիմիս կազմում առաջին անգամ խաղացի Հայաստանում, ինձ համար դժվար էր, քանի որ այս խոտածածկում ամեն ինչ ավելի արագ է կատարվում և ստիպված ես ավելի արագ և պարզ գործել, և անընդհատ նայել շուրջբոլորը, շատ է նաև պրեսինգը հակառակորդի կողմից: Պերուում ֆուտբոլն ավելի տակտիկական և գերիշխում է գնդակով խաղը:

-Դու հանդես ես եկել Պերուի մինչև 20 տարեկանների հավաքականում: Ինչպիսի՞ն են հիշողությունները:

-Այո, երկու մրցափուլում եմ խաղացել Պերուի երիտասարդական հավաքականի կազմում՝ 2011-ին և 2013-ին: Հիանալի զգացողություններ են: Կարծում եմ, որ ֆուտբոլիստի համար գլխավոր նպատակն է ազգային հավաքականում խաղալը:

-Ինչպիսի՞ն են ակնկալիքները մրցաշրջանի երկորրդ հատվածից:

-Առաջին հերթին պետք է քայլ առ քայլ առաջ գնանք: Բոլորն էլ գիտեն, որ ակումբի նպատակն է Եվրոպա լիգայում խաղալը և պետք է խաղ առ խաղ, քայլ առ քայլ մոտենանք այդ նպատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում