Պատահական հանդիպում և երազանքի իրականացում. Ինչպե՞ս է Մորատան երջանկացրել երկրպագուին

Պատահական հանդիպում և երազանքի իրականացում. Ինչպե՞ս է Մորատան երջանկացրել երկրպագուին

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթեց «Ինտերին»: Դուբլի հեղինակ դարձած Ալվարո Մորատան այդ օրը փայլել է ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս:

Թուրինյան ակումբի երկրպագուներից Ջանմարկոն սոցիալական ցանցերի իր էջերում Մորատայի գեղեցիկ պահվածքի մասին պատմություն է ներկայացրել, որի մասին այժմ գրում են գրեթե բոլոր իտալական պարբերականները: Ջանմարկոյի պատմությունը ներկայացված է ստորև:

«Չգիտեմ, թե ինչու են տեղի ունենում այս կամ այն դեպքերը, բայց ինձ թվում է՝ ոչինչ հենց այնպես չի լինում: Այն, ինչ ցանկանում եմ ձեզ պատմել, ասես, անիրական է: Մինչև կյանքիս վերջին օրը հիշելու եմ այս մասին: Այժմ էլ միայն հիշելիս փշաքաղվում եմ: «Ինտերի» հետ խաղից հետո ես ուրախ տուն էի գնում: Գոհ էի, որ իմ սիրելի ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել: Ճանապարհին մտածեցի մի բան ուտել: Դուբլի հեղինակի մարզաշապիկով, որը ես հագնում եմ բոլոր խաղերի ժամանակ, մտա սովորական փաբ: Դեռ ոչ մի յուրօրինակ բան:

Նստեցի, պիցա պատվիրեցի, իսկ հետո նկատեցի մատուցողների իրարանցումը: Հարցրեցի, թե ինչ է եղել: Ասացին, որ փաբ է գալու Մորատան: Դուք կարո՞ղ եք պատկերացնել իմ ուրախությունը. վերջապես ես կարող էի նրա հետ լուսանկարվել… Նա փաբ մտավ ուրախ, բոլորին ողջունեց, իսկ հետո մոտացավ ինձ ու անունս հարցրեց: Մորատայի այն հարցին, թե ինչ-որ բան պատվիրե՞լ եմ, ես դրական պատասխանեցի, իսկ նա բացականչեց. «Այսօր Ջանմարկոյի փոխարեն ես եմ վճարելու»: Միայն այդ պահն այնքան անսպասելի էր, որ ես չնկատեցի՝ նա իր ընկերոջն ուղարկեց նոր մարզաշապիկի հետևից: Նա վերցրեց գրիչն ու գրեց. «Սիրով իմ ընկեր Ջանմարկոյին: Ալվարո Մորատա»: Դա ինձ համար երազանքի իրականացում էր: Ձեռքերս դողում էին: Մտածում էի, թե քնած եմ:

Հետո բերեցին իմ պիցան, իսկ Մորատան ընկերների հետ մի փոքր հեռու նստեց: Հանկարծ ես լսեցի, որ նա իմ անունն է տալիս: Նա հարցրեց՝ չե՞մ ցանկանում միանալ նրանց: Դողացող ձայնով համաձայնեցի: Որպեսզի ինձ հանգիստ զգայի, նրանք սկսեցին իմ մասին հարցեր տալ, հարցնում էին ընտանիքիս, ուսմանս մասին, հաճա՞խ եմ գնում մարզադաշտ: Տարբեր թեմաներից խոսելուց հետո Ալվարոն ինձ իր հեռախոսահամարը տվեց, կարծես ես նրա ընկերն էի: Բացի այդ, նա ասաց, որ եթե օգնության կարիք ունենամ, զանգահարեմ իրեն: Ահա այդպեսՙ հիմա ես ունեմ Ալվարո Մորատայի հեռախոսահամարը…

Երեկոն անցավ կատակներով, լուսանկարվելով և Ալվարոյի՝ ինձ իսպաներեն մի քանի բառ սովորեցնելու փորձերով, բայց ես շատ հուզված էի, որպեսզի հիմա հիշեմ այդ բառերը: Մոտ մեկ ժամ միասին անցկացնելուց հետո նա վճարեց, գրկեց ինձ և ասաց, որ ուրախ էր հանդիպման համար:

Չգիտեմ՝ ի՞նչ եմ արել նման վերաբերմունքի արժանանալու համար, կամ գուցե սա պարզապես պատահականություն էր, բայց փաստն այն է, որ մի օր ես հպարտությամբ երեխաներիս կպատմեմ, թե ինչպես եմ Թուրինում ընթրել Ալվարո Մորատայի հետ, նա ինձ հրավիրել է իր սեղան, մարզաշապիկ է նվիրել: Եվ այս ամենը սկսվեց 3:0-ից: Շնորհակալ եմ, Ալվարո՛: Դու ինձ իսկապես երջանակացրել ես»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում