«Բարսելոնան» կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկոյի» նկատմամբ (տեսանյութ)

«Բարսելոնան» կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկոյի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում. «Բարսելոնան» հյուրընկալել էր Մադրիդի «Ատլետիկոյին»:

Հյուրերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, ինչի արդյունքում 10-րդ րոպեին Կոկեն բացեց հաշիվը: «Բարսելոնան» պատասխան գոլը խփեց 20 րոպե անց. աչքի ընկավ Լիոնել Մեսսին: 38-րդ րոպեին կատալոնացիների արագ գրոհը գոլով եզրափակեց Լուիս Սուարեսը: 44-րդ րոպեին մադրիդյան թիմը մնաց 10 հոգով. Լիոնել Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելու համար կարմիր քարտ ստացավ Ֆիլիպե Լուիսը:

Երկրորդ խաղակեսում նոր գոլեր չարձանագրվեցին, փոխարենը եղավ ևս մեկ հեռացում. 65-րդ րոպեին Սուարեսի նկատմամբ կոպիտ խաղալու համար Գոդինը ստացավ երկրորդ դեղին քարտը և իր թիմին թողեց 9 հոգով: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 51 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն» մնաց 48 միավորով՝ երկրորդ հորիզոնականում: Նշենք նաև, որ կատալոնական թիմը դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բարսելոնա» – «Ատլետիկո»՝ 2:1
Գոլերը՝ Մեսսի 30′, Սուարես 38′ – Կոկե 10′

Հետևեք մեզ նաև Telegram-ում