Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ

Բուլղարիայում շարունակվում է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Հունվարի 30-ին մրցագորգ դուրս եկան Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի տարվա լավագույն մարզիկ, 98 կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ու առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ով ներկայանում էր 71 կգ քաշային կարգում:

Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եգիպտացի Ահմեդ Օսմանի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ալեքսանյանը նույն հաշվով առավելության հասավ Իրանի ներկայացուցիչ Ամիրհոսեին Հոսեինի նկատմամբ, իսկ եզրափակչում 4:0 հաշվով հաղթեց բուլղար ըմբիշի նկատմամբ` երրորդ տարին անընդմեջ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը:

Միհրան Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով առավելության հասավ բուլղար Մայկալ Իզմիրլիսկիի նկատմամբ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը իտալացի Դավիդե Կասկավիլան էր, ում հայը ըմբիշ հաղթեց կրկին բացարձակ առավելությամբ: Եզրափակչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկեց Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմի հետ, ում նկատմամբ առավելության հասավ 11:0 հաշվով, իսկ վճռորոշ գոտեմարտում Միհրանը 4:0 հաշվով հաղթեց Եգիպտոսի ներկայացուցիչ Ադհամ Ահմեդ Սալեհին:

Հավելենք, որ հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում