Տիտո Ռամալյո. Ուրախացնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստները մրցակցելու հնարավորություն ունեն

Տիտո Ռամալյո. Ուրախացնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստները մրցակցելու հնարավորություն ունեն

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ակումբի պաշտոնական կայքին տված հարազրույցում Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Ինչպե՞ս կամփոփեք Սոչիում կայացած հավաքը: Հաջողվե՞ց անել այն ամենն, ինչ պլանավորված էր:

-Սոչիում անցկացրած մարզումները մեզ շատ բան տվեցին: Ճիշտ է՝ մի քանի օր եղանակային պայմաններն այն չէին, սակայն ընդհանուր առմամբ հաջողվեց իրագործել պլանավորվածը և մի բան էլ ավելին:

-Որքանո՞վ էին օգտակար կայացած երկու ստոգողական հանդիպումները:

-Միջմրցաշրջանային փուլի առաջին երկու հանդիպումները շատ լավ անցան: Մրցակից երկու թիմերի միջև մակարդակների մեծ տարբերություն կար: Դա մեզ հնարավորություն տվեց, որպեսզի երկու տարբեր տեսակի ֆուտբոլ խաղանք: Առաջին խաղում գերակշռում էր գնդակով և կոմբինացիոն ֆուտբոլը, իսկ երկրորդ խաղում՝ հակագրոհներով խաղը: Դա թիմին թույլ տվեց գործել տարբեր մարտավարություններով, ինչը շատ օգտակար էր մեզ համար:

-Իսպաներենում ուսումնամարզական հավաքն անվանում են concentración (հավաք, կենտրոնացում) բառով: Ի՞նչի վրա է պետք առաջին հերթին կենտրոնանալ այսպիսի հավաքների ընթացքում:

-Հավաքների իմաստը միայն մարզվելն ու խաղալը չէ: Այստեղ ֆուտբոլիստներն ապրում են միասին, նոր ֆուտբոլիստներն են գալիս, տարբեր բնավորությունների տեր մարդիկ ավելի արագ են միմյանց ընկալում և ճանաչում: Այս ամենն օգնում է որպեսզի թիմը դառնա մեկ ամբողջություն: Ֆուտբոլը միայն այն չէ, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Դրա շուրջ տեղի ունեցողը նույնպես շատ կարևոր է:

-Նոր խաղացողների մասին: «Բանանցին» է միացել մակեդոնացի ֆուտբոլիստ Յասմին Մեցինովիչը: Ի՞նչ կասեք իր մասին:

-Նա մի քանի օր է մեզ հետ է և մարզումների ընթացքում ամեն ինչ շատ ճիշտ է անում: Նրան դեռևս ժամանակ կտանք, որպեսզի մտնի մարզումների և թիմի ռիթմի մեջ: Մեր թիմի մյուս մակեդոնացի ֆուտբոլիստը՝ Վլատկո Դրոբարովն, իրեն ամեն հարցում օգնում է, որպեսզի նա որքան հնարավոր է արագ ներգրավվի թիմին:

-Նոր լեգիեոների ժամանելը ինչպիսի՞ ազդեցություն կունենա «Բանանցի» սաների՝ հայ ֆուտբոլիստների համար:

– Մենք առաջին օրվանից նշել ենք, որ չենք եկել որևէ մեկին իր տեղից հանելու համար և մինչ այժմ էլ այդպես է: Երիտասարդ հայ ֆուտբոլիստներին մեծ ուշադրություն է դարձվում, և բոլորն էլ խաղաժամանակ ստանում են իրենց ունակությունները ցուցադրելու համար: Ֆուտբոլիստներն իրենց աշխատանքի շնորհիվ են վաստակում խաղալու հնարավորությունը: Մեկ հստակ բան կա. ֆուտբոլում ոչ ոք նվերներ չի ստանում: Ֆուտբոլում պետք է պայքարես քո տեղի համար: Ինձ ուրախացնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստները մրցակցելու և պայքարելու հնարավորություն ունեն:

-Իսպանիայում շատ եք աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Ինչպիսի՞ որակներ ունեցող երիտասարդներն են կարողանում հաջողությունների հասնել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

-Որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը հաջողությունների հասնի պրոֆեսիոնալ ֆուտբոլում նրան նախ պետք է մատուցվի բոլոր տարրերը դրան հասնելու համար: Իսկ ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է ունենա ֆուտբոլային ունակություններ, բացի այդ անհրաժեշտ է մրցակցային մտածելակերպ, դեպի պրոֆեսիոնալիզմ ձգտող խաղացողը պետք է կարողանա իրեն զրկել որոշ բաներից և հասկանա, թե ինչու է դա անում: Դա հեշտ բան չէ: Մեծ ուժ և ջանքեր է պահանջում: Նաև պետք է մեկը, ով անընդհատ օգնի և սատարի: Շատ շատ են մեծ և փոքր բաղադրիչները:

-«Բանանցի» երիտասարդների մոտ տեսնու՞մ եք այդ որակները:

-Այո, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու այսպիսի տաղանդավոր երիտասարդների հետ: Այս չորս ամսվա ընթացքում, ինչ Հայաստանում ենք, տեսել ենք հեռանկարային տաղանդավոր, շատ լավ որակներ ունեցող երիտասարդների: Ինչպես նաև այնպիսի խաղացողների, ում պետք է բացահայտես, որպեսզի այդ տաղանդն ավելի ակնհայտ լինի: Մենք տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք և՛առաջին թիմում, և՛ավելի երիտասարդների մեջ, պետք է նրանց զարգացնենք և առաջ գնալու ներուժ ստեղծենք: Պետք է համբերենք և նրանց հնարավորություն տանք: Պետք է շտապողականություն չդրսևորել և շարունակել կարգապահ աշխատանքը: Շատ դրական որակներ ենք տեսնում ամեն օր նրանց հետ աշխատելիս:

-Մինչև առաջնության վերսկսելն ինչպիսի՞ հիմնական աշխատանքներ են նախատեսված:

-Թիմը պետք է շարունակի աճել, պետք է բարելավենք ֆիզիկական վիճակը, պետք է ուժեղացնենք մեր խաղային համակարգը, պետք է բարելավենք համագործակցությունն ու թիմային ոգին: Ուրախ ենք այն ամենի համար, ինչ արդեն արվել է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում