«Ռեալը» ջախջախեց «Էսպանյոլին», Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալը» ջախջախեց «Էսպանյոլին», Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ռեալը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Էսպանյոլի» նկատմամբ: «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպումն ավարտվեց 6:0 հաշվով:

7-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսի փոխանցումից հետո «սերուցքայինների» կազմում աչքի ընկավ Կարիմ Բենզեման: 11-րդ րոպեին Էնցո Ռոկոն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, և հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը: 16-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսի և Պապա Դիոպի համատեղ ջանքերով հաշիվը դարձավ 3:0: Նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերը ևս մեկ գոլ խփեցին. 45-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն:

Երկրորդ խաղակեսում «Էսպանյոլը» հեղինակության գոլ խփելու փոխարեն բաց թողեց ևս 2 գոլ. 82-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ 86-ին ինքնագոլի հեղինակ դարձավ Օսկար Դուարտեն:

Ուշագրավ է, որ Զինեդին Զիդանի գլխավորությամբ 3 տնային խաղերում «Ռեալը» ջախջախիչ հաղթանակներ է տոնել. 5:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին», 5:1 հաշվով՝ «Սպորտինգին» և 6:0 հաշվով՝ «Էսպանյոլին»:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 47 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային», որը 21 հանդիպում է անցկացրել, զիջելով 4 միավորով, իսկ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին»՝ 1: «Էսպանյոլը» մնաց 22 միավորով՝ 15-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռեալ» – «Էսպանյոլ»՝ 6:0
Գոլերը՝ Բենզեմա 7′, Ռոնալդու 12’/11-մետրանոց, 45′, 82′, Խամես 16′, Դուարտե 86’/ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում