Միլանյան դերբի, միլանյան խնդիրներ. Հետադարձ հայացք «Միլան»-«Ինտեր» խաղին

Միլանյան դերբի, միլանյան խնդիրներ. Հետադարձ հայացք «Միլան»-«Ինտեր» խաղին

«Միլան»-«Ինտեր». Միլանյան դերբի կամ ինչպես Իտալիայում են անվանում` դերբի դելլա Մադոնինա: Մրցակցություն, որը միշտ էլ եղել ֆուտբոլային մեծագույն իրադարձություն: 

Վերջին տարիներին միլանյան երկու ակումբներն էլ ճգնաժամային իրավիճակում են: 65 տարվա մեջ առաջին «Միլանը» և «Ինտերը» միաժամանակ չեն մասնակցում եվրագավաթներին: Դա էլ այն դեպքում, երբ այս տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հենց Միլանում:

Ինչևէ, անդրադառնանք Իտալիայի Ա Սերիայի 2015-16թթ մրցաշրջանի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Միլան»-«Ինտեր» հանդիպմանը: «Միլանը» այս խաղից առաջ վաստակած 33 միավորով 5-ից 6-րդ հորիզոնականները կիսում էր «Սասուոլոյի» հետ, իսկ «Ինտերը»` 41 միավորով 4-րդ տեղում էր: Սինիշա Միխայլովիչի սաները խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տոնեցին «Ինտերի» նկատմամբ և ամրապնդվեցին 5-րդ հորիզոնականում: Քննարկենք այս խաղի հետ կապված մի քանի առանցքային դրվագ:

Կորցրած փայլ

Միլանյան դերբին միշտ էլ աչքի է ընկել դիտարժանությամբ, երկու թիմերում հանդես եկող վառ անհատականություններով, բայց վերջին տարիներին այս մրցակցությունը փոքր ինչ զրկվել է փայլից: Երեկ կայացած խաղում «Միլանի» ավագն էր Ռիկարդո Մոնտոլիվոն, իսկ «Ինտերինը»` Ժուան Ժեզուսը…

Այո, իտալական կարևոր ֆուտբոլային ներկայացման գլխավոր անձանցից մեկը Ժուան Ժեզուսն է: Ժեզուսի խաղային որակները ոչ ոք կասկածի տակ չի դնում, նա այս խաղում ևս ապացուցեց իր նվիրումն ու աշխատասիրությունը, բայց խոստովանեք, որ այս մրցակցությունը հրաշալի էր, երբ «Միլանում» ավագի դերում էր լեգենդար Պաոլո Մալդինին, իսկ «Ինտերում» մեկ այլ լեգենդ էր՝ Խավիեր Ձանետին:

Միայն Մալդինիի և Ձանետիի (չհաշված մյուս լեգենդար ֆուտբոլիստներին)՝ մրցավարների կողքին կանգնելն ավելի դիտարժան էր, քան վերջին տարիների միլանյան դերբիների ընթացքում խաղադաշտում տիրող իրավիճակը: Ամեն դեպքում, երեկվա հանդիպումը հույս է ներշնչում, որ երբեմնի ֆուտբոլային փառքը վերադառնում է Միլան:

 

Մանչինիի անփութությունը

Ռոբերտո Մանչինին, անկասկած, իտալական մարզչական «արտադրության» վառ ներկայացուցիչներից է: Նա նշանակալի բարձունքների է հասել թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ, բայց այն, ինչ արեց իտալացի մասնագետն այս խաղում, մեկ բառով կարելի է անվանել անփութություն:

Անդրադառնանք մեկնարկային կազմին: «Ինտերի» հարձակման քառյակն ուներ հետևյալ տեսքը` Լյայիչ, Պերիշիչ, Յովետիչ և Էդեր: Վերջինս «Ինտեր» է տեղափոխվել ընդամենը մի քանի օր առաջ` «Սամպդորիայից»: Ինչպես հասկացաք թիմի մեկնարկային կազմից բացակայում էր արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

Ամենազարմանալին այն է, որ Իկարդին հենց Ռոբերտո Մանչինիի ընտրած ավագն է և այս խաղից առաջ հաղորդվում էր, որ Իկարդին լիովին առողջ է, բայց Մանչինին չգիտես՝ ինչու որոշեց իր ընտրած ավագին թողնել պահեստայինների նստարանին և նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերեց նորեկ Էդերին: Էդերը բացառությամբ մեկ-երկու դրվագների, ոչնչով աչքի չընկավ, և բնականաբար, չարդարացրեց Մանչինիի հույսերը: Առաջին խաղակեսի վերջնամասում «Միլանը» բրազիլացի պաշտպան Ալեքսի գոլի շնորհիվ առաջ անցավ: Թվում էր, որ Մանչինին կփորձի շտկել իր սխալն ու երկրորդ խաղակեսի հենց սկզբից խաղադաշտ դուրս կբերի Իկարդիին, բայց…

Մաուրո Իկարդին խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 64-րդ րոպեին, ընդ որում՝ Յովետիչի փոխարեն: Էդերը շարունակեց հանդիպումը ու նորից ոչնչով աչքի չընկավ:

«Ինտերը» հանդիպման 70-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ և գնդակին մոտեցավ Մաուրո Իկարդին: Լինելով ոչ այնքան լավ հոգեբանական վիճակում, զգալով 80 հազար հանդիսականների ճնշումը՝ երիտասարդ արգենտինացին վրիպեց` հարվածելով դարպասաձողին: Դրանից հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ: Ու այս դեպքում խփում են ոչ թե մեկ, այլ երկու անգամ: Ընդամենը 4 րոպեի ընթացքում Սինիշա Միխայլովիչի թիմը երկու գնդակ ուղարկեց Սամիր Հանդանովիչի դարպասը: Այսքանից հետո պետք է նշել միայն այն, որ Մանչինին կատարեց երկու փոփոխություն. եզրային հարձակվող Պերիշիչի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ քանդող հենակետային Ֆելիպե Մելոն, իսկ Ադեմ Լյայիչի փոխարեն` եզրային պաշտպան Ալեքս Տելեսը:



“>



«Ինտերը» պարտություն կրեց, որի մեջ պետք է մեղադրի միմիայն իրեն, այլ ոչ թե եզրային մրցավարներին, ինչպես դա արեց Ռոբերտո Մանչինին: Բացի այդ, «Ինտերի» խաղային գլխավոր խնդիրներից մեկը կրեատիվ կենտրոնական կիսապաշտպանի բացակայությունն է: Դաշտի կենտրոնում խաղում են Գարի Մեդել, Ֆելիպե Մելո, Մարցելո Բրոզովիչ: Նրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր միշտ կենտրոնանում են մրցակցի գրոհները կասեցնելու վրա, իսկ սեփական թիմի գրոհները կազմակերպելու գործում ոչ մի դրական ազդեցություն չեն ունենում:

«Ինտերի» ամենագլխավոր հիասթափությունը կենտրոնական կիսապաշտպանի դիրքում հանդես եկող ֆրանսիացի Ժոֆրեյ Կոնդոգբիան է, ով այս ամռանը ավելի քան 30 մլն եվրոյով ֆրանսիական «Մոնակոյից» տեղափոխվեց միլանյան ակումբ: Անցել է արդեն կես տարի, բայց Կոնդոգբիան նույնիսկ չի համարվում մեկնարկային կազմի խաղացող:

Եզրափակելով «Ինտերի» թեման՝ Մանչինիի թիմին անհրաժեշտ է առաջնորդ: Մեկը, ով կկարողանա իր հետևից տանել խաղընկերներին: Իտալացի մասնագետը ուզում է այդ դերում տեսնել Մաուրո Իկարդիին, սակայն նմանատիպ հիասթափություններից հետո ֆուտբոլիստը, հնարավոր է, չդիմանա այսպիսի ճնշմանը:

Միխայելովիչի աշխատանքը

Ի տարբերություն Մանչինիի, «Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը «խելքը գլուխն է հավաքել» և փորձում է հաստատուն քայլերով առաջ շարժվել: Վերջին խաղերում «Միլանում» ձևավորվել է հստակ մեկնարկային կազմ` ընդամենը մեկ-երկու հավանական փոփոխություններով: Պաշտպանությունում երիտասարդ Ռոմանյոլիի կողքին կանգնած է փորձառու բրազիլացի Ալեքսը, ով պատրաստ է ցանկացած պահի ապահովագրել իր երիտասարդ և անփորձ խաղընկերոջը: Նույն իրավիճակն է նաև կիսապաշտպանությունում, որտեղ հաջողությամբ հանդես են գալիս թիմի ավագ Ռիկարդո Մոնտոլիվոն և Կուցկա-Բերտոլաչի զույգից որևէ մեկը: Եզրերում թիմի շարժիչ ուժը` Ջակոմո Բոնավենտուրան և Կեյսուկե Հոնդան: Իսկ հարձակման զույգը կազմում են Բակկան և Նյանգը, ովքեր այս խաղում ևս ապացուցեցին իրենց բարձր կարգը` դառնալով մեկական գոլի հեղինակ: Այս ամենին էլ եթե հավելենք Միխայլովիչի «հայտնաբերած» դպրոցական տաղանդին` 16-ամյա դարպասպահ Ջանլուիջի Դոնարումային, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի:

Փաստացի սերբ մարզիչը, դերբի դելլա Մադոնինայում հաղթանակ տոնելով, ստացավ այն քարտ-բլանշը, որին այդքան ձգտում էին «Միլանի» վերջին մի քանի մարզիչները:

Հետագրություն՝ այժմ «Ինտերը» մրցաշարային աղյուսակում բարձր է «Միլանից», սակայն սա գուցե ժամանակավոր է: Սինիշա Միխայլովիչը վերջապես հնարավորություն է ստացել իրացնելու իր ողջ պոտենցիալը, և այս անգամ նա իրեն ընձեռնված հնարավորությունը լավագույնս կօգտագործի: Այսօրվա «Միլանի» համար մրցաշրջանի արդյունքներով, Չեմպիոնների լիգայի նույնիսկ որակավորման փուլի ուղեգիր ձեռք բերելը մեծագույն նվաճում կլինի:

 

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում