«Արարատը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում

«Արարատը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում

Փետրվարի 14-ի վաղ առավոտյան «Արարատը» կմեկնի ԱՄՆ: Կալիֆորնիայում կկայանա թիմի երկրորդ արտասահմանյան ուսումնամարզական հավաքը, որին կմասնակցի 18 ֆուտբոլիստ:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ փաստաթղթային խնդիրների պատճառով տասնօրյա հավաքին չեն մասնակցի դարպասապահ Արման Մելիքսեթյանը, պաշտպան Արամ Շախնազարյանը և կիսապաշտպան Գեորգի Խուբուան: ԱՄՆ-ում «Արարատին» կմիանան ամերիկացի կիսապաշտպան Բրայան դե լա Ֆուենտեն, ինչպես նաև` 23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը, ով նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հավաքականը: 

ԱՄՆ-ում նախատեսված են երեք ստուգողական հանդիպում. փետրվարի 18-ին «Արարատը» կխաղա PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ, փետրվարի 20-ին կհանդիպի NASL-ի հաղթող «Նյու Յորք Կոսմոսին», որի կազմում հանդես էին գալիս իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլը և կիսապաշտպան Մարկոս Սենան: Ամերիկյան թիմում կան նաև հայազգի ներկայացուցիչներ. գլխավոր մարզչի օգնականն է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, թիմում հանդես է գալիս կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը: «Նյու Յորք Կոսմոսի» հետ խաղը կկայանա Կալիֆորնիայի Գլենդորա քաղաքի «Citrus College Stadium» մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով 19:00-ին: Երրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 23-ին, մրցակցի անունը շուտով հայտնի կդառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում