«Բարսելոնա»-«Սելտա»՝ 6:1, Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Բարսելոնա»-«Սելտա»՝ 6:1, Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր՝ 6:1 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ:

Հանդիպման 28-րդ րոպեին Լիոնել Մեսսին տուգանային հիանալի հարվածով առաջ մղեց կատալոնացիներին: Նախքան ընդմիջման գնալը հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. 39-րդ րոպեին Կլաուդիո Բրավոյի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ջոն Գվիդետին:

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» 5 գոլ խփեց և վաստակեց հերթական 3 միավորը: 59-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Սուարեսը: 75-րդ րոպեին կրկին Մեսսիի հիանալի խաղի շնորհիվ Սուարեսը հաշիվը դարձրեց 3:1:

81-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց արդեն «Սելտայի» դարպասին. նշակետին մոտացավ Լիոնել Մեսսին, սակայն հարվածելու փոխարեն արգենտինացին փոխանցում կատարեց Սուարեսին, ով էլ հեթ-տրիկ ձևակերպեց: Երեք րոպե անց Իվան Ռակիտիչը խփեց իր թիմի հինգերորդ գոլը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Նեյմարը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 57 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 3 միավորով: «Սելտան» մնաց 35 միավորով՝ 8-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բարսելոնա» – «Սելտա»՝ 6:1
Գոլերը՝ Մեսսի 28′, Սուարես 59′, 75′, 81′, Ռակիտիչ 84′, Նեյմար 90+1′ – Գվիդետի 39’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում