ՉԼ. «Ռեալը» Հռոմում հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

ՉԼ. «Ռեալը» Հռոմում հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տոնեց «Ռոմայի» նկատմամբ:

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ մադրիդյան թիմի զգալի առավելությամբ, սակայն Զինեդին Զիդանի սաներին չէր հաջողվում գրոհներին սրություն հաղորդել, և նրանք մեկընդմեջ սխալներ էին թույլ տալիս: «Ռոմայի» ֆուտբոլիստներին երբեմն հաջողվում էր օգտվել այդ սխալներից, սակայն Կեյլոր Նավասին լրջորեն անհանգստացնել չէր ստացվում:

Երկրորդ խաղակեսն անցավ ավելի ակտիվ պայքարում: 57-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն գեղեցիկ հարվածով առաջ մղեց հյուրերին: Բաց թողած գոլից հետո «գայլերն» ակտիվացան, սակայն գրոհների եզրափակիչ փուլում հաջողությունը չէր ժպտում Սպալետիի սաներին: Խաղավարտից 4 րոպե առաջ «Ռեալը» նաև երկրորդ գոլը խփեց և 1/4 եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց. 86-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Խեսեն:

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 8-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Ռոմա» – «Ռեալ»՝ 0:2
Գոլը՝ Ռոնալդու 57′, Խեսե 86′

Հետևեք մեզ նաև Telegram-ում