Արտագնա խաղում «Բորուսսիան» հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Բորուսսիան» հաղթեց «Բայերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսսիային»: 

«Բայ Արենայում» կայացած հանդիպման առաջին կեսը բավականին ձանձրալի ստացվեց. թիմերը կենտրոնացել են պաշտպանական գործողությունների վրա և մեծաթիվ վտանգավոր գրոհներ չէին կազմակերպում: 

Երկրորդ կեսում խաղը հետաքրքրացավ, սակայն ավելի շատ գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվայերի ջանքերով: 64-րդ րոպեին Էրիկ Դուրմի փոխանցումից հետո դորտմունդյան թիմին առաջ մղեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Գոլից հետո «Բայերի» ֆուտբոլիստները վիճաբանեցին Ցվայերի հետ, իր դժգոհությունն արտահայտեց նաև դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը, ինչից հետո մրցավարը դադարեցրեց խաղն ու հեռացավ խաղադաշտից: Մրցավարին հետևեցին նաև թիմերը: Որոշ ժամանակ անց խաղը վերսկսեց, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին:



Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 51 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Բայերը» մնաց չորրորդ հորիզոնականում՝ ակտիվում ունենալով 35 միավոր:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բայեր Լևերկուզեն» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0:1
Գոլը՝ Օբամեյանգ 64′

Հետևեք մեզ նաև Telegram-ում