«Մեռած» գնդակի արքաները՝ Բեքհեմ, Կարլոս, Ժունինյո…

«Մեռած»  գնդակի արքաները՝ Բեքհեմ, Կարլոս, Ժունինյո…

Ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով, իսկ երբ այդ գոլերը Ժունինյոյի, Կառլոսի, Պիրլոյի, Բեքհեմի նման վարպետներն են հեղինակում, հիացմունք արտահայտելու համար համապատասխան խոսքեր գտնելը բարդ է: Ներկայացնում ենք «մեռած» գնդակի արքաներին. նրանց, ովքեր անթերի են իրացրել (և իրացնում) տուգանային հարվածները:

Սինիշա Միխայելովիչ

Մի ճշմարտանման լեգենդ կա, որի համաձայն՝ Միխայելովիչի հայրը տան մետաղե դուռն անընդհատ փոխել է, քանի որ պատանի Սինիշան հարվածներով դրան նոր տեսք է հաղորդել: Հարավսլավիայի լեգենդար ձախ պաշտպանը վախ էր առաջացնում Իտալիայի առաջնության մրցակիցների մոտ, նրա կատարմամբ ցանկացած տուգանային կամ անկյունային կարող էր մահացու լինել: Միխայելովիչը շեշտը հարվածի ուժի վրա էր դնում, իսկ նրա ամենանշանակալի հաջողությունը տուգանային հարվածներից հեղինակած հեթ-տրիկն է, որ «Ինտերին» 5:2 հաշվով հաղթանակ բերեց «Սամպդորիայի» դեմ խաղում:

Միխայելովիչը մի առիթով ասել է. «Չգիտեմ՝ կդառնայի՞ ֆուտբոլիստ, եթե ֆուտբոլում տուգանայիններ չլինեին»:

Ռոջերիո Սենի

Շատ հարձակվողների համար կարիերայի ընթացքում 100 գնդակ խփելը լավ արդյունք է, իսկ ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ-ռմբարկու Ռոջերիո Սենիի համար՝ սովորական բան: Կարիերայի առաջին 100 գոլից 56-ը Սենին խփել է տուգանայինից: Բրազիլացին հիանալի գիտեր՝ ինչպես կարող է առավելագույն դժվարություն առաջացնել մրցակցի դարպասապահի համար: «Սան Պաուլուի» լեգենդի համար հեռավորությունը երկրորդական էր. Սենին հիմնականում մոտակա անկյունն էր ուղարկում գնդակը և գրեթե միշտ վերևով:

Դևիդ Բեքհեմ

Բեքհեմն այս աղյուսակի ամենահայտի դեմքն է: Օլիմպոսի աստվածները կանիծեին «Օլդ Թրաֆֆորդն» ու Հոլիվուդը, եթե անգլիացին այս տասնյակում չլիներ, սակայն ՄԼՍ-ում Բեքհեմն ամենալավ տուգանային իրացնողը չէր. ԱՄՆ-ում նրան մի քանի փորձ էր հարկավոր մեկ գոլի համար: Բեքհեմի տուգանայինները նրա կերպարի շնորհիվ են կենդանի մնացել երկրապագուների հիշողության մեջ. նա երկար հարմարեցնում էր գնդակը, տեսախցիկները որսում էին պահը, երբ Դևիդը կիտում էր հոնքերը, հետո ձախ ձեռքը ձգում էր դեպի խոտածածկը, իսկ աջը՝ հարվածը կատարելուց մի քանի վայրկյան առաջ 45 աստիճանի վրա էր պահում: Երկրպագուներն այս ամենը հիանալի են հիշում ու կհիշեն նաև 30 տարի անց:

Բեքհեմը՝ իր տուգանայինների մասին. «Ես իսկապես երբեք չեմ մտածել, թե դարպասապահը որքան հեռու է և ինչ դիրքում է, քանի որ գիտեի՝ ամեն ինչ լավագույն կերպով անելու դեպքում, ցանկացած պարագայում կհաղթեի նրան»:

Սյունսուկե Նակամուրա

Նակամուրան այս ցանկի ամենաչգնահատված վարպետն է: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները պետք է հիշեն ճապոնացուն, ով Չեմպիոնների լիգայի 2006-07թթ. խաղարկության ժամանակ «Սելտիկի» մարզաշապիկով երկու հիանալի գնդակ ուղարկեց «կարմիր սատանաների» դարպասը: Նակամուրան կախարդական ձախ ոտք ունի և հիանալի է ընտրում հարվածի պահը: Նա հասցնում է հարվածել այն ժամանակ, երբ դարպասապահը չի կարող ցատկել: Պետք է նշել, որ դարպասապահները Նակամուրայի հարվածների ժամանակ սովորաբար չեն էլ ցատկում: 37 տարեկանում էլ ճապոնացին դեռևս լավ մարզավիճակում է. անցյալ տարի նա 4 գնդակ է խփել տուգանայինից:

Ռոբերտո Կարլոս

Լեգենդար բրազիլացին իր ամբողջ ծանրությունը կենտրոնացնում էր հարվածի ուժի վրա: Երբեմն թվում էր՝ Կարլոսի հարվածից հետո գնդակը մաս-մաս կլինի: Շատերն են ուսումնասիրել են բրազիլացու հարվածներից հետո գնդակի յուրօրինակ հետագիծը, իսկ ֆուտբոլիստն ասում է, որ դա ընդամենը մարզումների արդյունքն է: Կարլոսը խոստովանել է, որ անգամ կարիերայի ավարտից ամեն օր տուգանային 7 հարված է իրացնում:

Ալեսանդրո դել Պյերո

Ալեսանդրո դել Պյերոն ամբողջ կարիերայի ընթացքում պահպանեց զարմանալի ու հարձակվողի համար շատ օգտակար շնորհը՝ առանց աչքերը բարձրացնելու նա գիտեր, թե որտեղ է դարպասապահն ու որտեղ պետք է հարվածել հաջողությանը հնարավորինս մոտ լինելու համար: Հանճարեղ իտալացին կարողանում էր հարվածի շեշտը թե՛ ուժի, թե՛ հստակության վրա դնել, իսկ «դել Պյերոյի գոտուց»՝ կենտրոնի ձախ մասից վերին անկյուն կատարած հարվածներն ամենավտանգավորն էին: «Յուվենտուսի» լեգենդը երկու ոտքերով էլ հարվածում էր, ու դարպասապահներին առավել դժվար էր պատրաստվել նրա հետ հանդիպմանն ու կանխատեսել, թե ինչ կարող է անել Ալեսանդրոն «մեռած» գնդակով:

Ռոնալդինյո

Ռոնալդինյոն, կարելի է ասել, տուգանայինների իրացման ամենաանսովոր տեխնիկան ունի: Նա շատ հանգիստ է, անգամ թվում է՝ ծուլությամբ է մոտենում գնդակին, իսկ արդյունքը հիացնում է: Բրազիլացին խոստովանել է, որ հարվածելուց առաջ ջանում է չնայել դարպասապահին, որպեսզի վերջինիս չկարողանա կռահել իր մտադրություները: Հնարավոր է, որ հենց դրա համար էլ դարպասապահները հաճախ պատրաստ չեն նրան, ինչ անում է Ռոնալդինյոն: Օրինակ՝ դա կարող է փաստել Դևիդ Սիմենը: 

«Անգլիայի հետ այն հայտնի խաղում, երբ մոտեցա գնդակին, ցանկանում էի հարվածել դարպասին, բայց ոչ այնպես, ինչպես արդյունքում ստացվեց: Տխուր էր տեսնել, թե խաղից հետո ինչպես է Դևիդը լալիս»,-ասել է Ռոնալդինյոն:

Ժունինյո

Բրազիլացին ամենայն լրջությամբ էր մոտենում տուգանային հարվածներին: Յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ նա «Լիոնի» ղեկավարությունից պահանջում էր գնդակի այն բոլոր տեսակները, որոնցով թիմը պետք է խաղար, ուսումնասիրում էր դրանց կառուցվածքը և հարյուրավոր հարվածներ էր կատարում դարպասապահ Ռեմի Վերկուտրի հետ: Ոտնաթաթի յուրահատուկ դիրքը Ժունինյոյին թույլ էր տալիս հարվածել զարմանալի հետագծով: Դարպասապահներն ատում էին Ժունինյոյի հարվածները, իսկ նրա հետ աշխատող մարզիչները կատակում էին, որ ֆուտբոլիստը 30 մետրից է 11-մետրանոցներ իրացնում:

Անդրեա Պիրլո

Իտալացի վարպետը չի թաքցրել, որ սովորել է Ժունինյոյից: 2005-ից նա Ժունինյոյի պես է հարվածում՝ ոչ թե ամբողջ ոտնաթաթով, այլ երեք մատներով: Խաղային գրագիտությունը Պիրլոյին թույլ է տալիս լավագույնս ընտրել հարվածի կետը, ու արդեն 15 տարի է՝ նա ամբողջ աշխարհում տուգանայինները լավագույնս իրացնող ֆուտբոլիստներից թվում է:

Միրալեմ Պյանիչ

Բոսնիացին թվարկված ֆուտբոլիստների նման լեգենդար դառնալու համար դեռ շատ պետք է աշխատի, բայց նա իսկապես հիանալի է իրացնում տուգանայինները և իրեն Ժունինյոյի աշակերտն է համարվում: Պյանիչը բախտ է ունեցել դեռ կարիերայի սկզբում «Լիոնում» հետևելու բրազիլացու տուգանայինների իրացմանը: Գլխավորը՝ Ժունինյոյի հետ աշխատանքը Պյանիչին տվել է հոգեբանական պատրաստվածություն. բոսնիացուն, ինչպես և իր ուսուցչին, հարվածի պահին ոչինչ չի շեղում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում