Սպալետի. Տոտտին չպետք է հատուկ վերաբերմունք պահանջի

Սպալետի. Տոտտին չպետք է հատուկ վերաբերմունք պահանջի

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի հետ հարաբերությունների մասին իր մեկնաբանությունն է տվել: Նախօրեին Տոտտին դժգոհել էր, որ մարզիչն իրեն բավականաչափ չի հարգում և խաղաժամանակ չի հատկացնում:

-Եթե հիշենք «Ռոմայում» իմ առաջին ասուլիսը, ես ասացի, որ չեմ ցանկանում միջամտել Տոտտիի և ակումբի ղեկավարության հարաբերություններին: Տոտտին իսկապես անում է այն ամենը, ինչ ցանկանում է: Հաշվի առնելով նրա դերակատարությունը և բնավորությունը՝ նա կարող է ցանկացած դիրք ընդունել, և բոլորը կհետևեն նրան:

Ես Տոտտիին ասել եմ, որ եթե ցանկանում է լինել Ռայան Գիգզի նման, կարող է լինել: Եթե ցանկանում է լինել Պավել Նեդվեդի նման, խնդրեմ, թող լինի: Բայց եթե ցանկանում է ֆուտբոլիստ լինել, ապա պետք է մյուսների հետ հավասար լինի և իր նկատմամբ հատուկ վերաբերմունք չպահանջի:

Ես «Ռոմա» եմ եկել, որպեսզի թիմին դուրս բերեմ բարդ իրավիճակից և օգնեմ հասնել հաջողությունների: Առաջին հերթին այդ մասին պետք է մտածեմ: Ակումբում գիտեն՝ եթե Ֆրանչեսկոն ինչ-որ բան է խնդրում, ես նրա կողքին կլինեմ: Իմ պատը զարդարված է ֆուտբոլային մարզաշապիկներով և դրանցից յոթ-ութը նրանն են:

Այսօր տղաս հարցրել է ինձ, թե ինչու եմ վիճել Տոտտի հետ, բայց ես չեմ վիճել… Ես միայն իմ աշխատանքն եմ կատարում: Եթե Տոտտին շարունակի մարզումները, նրան խաղադաշտ դուրս գալու հնարավորություն կտամ: Երբ մեկնարկային կազմ եմ ընտրում, պետք է դա սթափ գլխով անեմ, դա իմ աշխատանք է,-Սպալետիի խոսքերը մեջբերված են «Sky Sport Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում