Գոլառատ խաղում «Արարատը» պարտվել է «Սոննամին»

Գոլառատ խաղում «Արարատը» պարտվել է «Սոննամին»

ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատը» վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել: Մրցակիցը եղել է Հարավային Կորեայի յոթակի չեմպիոն, եռակի գավաթակիր, նախորդ առաջնությունում չորրորդ տեղը զբաղեցրած «Սոննամ» թիմը, որը նաև հանդիսանում է Ասիայի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող:

«Արարատի» մամուլի ծառայությունը խաղի վերաբերյալ հաղորդում է հետևյալը.

«Առաջին խաղակեսի միջնամասում հարավկորեական թիմին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը, սակայն մի քանի րոպե անց պատասխան գոլը խփեց տուգանային հրապարակում հայտնված Էդվին Ռիվասը, ով արձագանքեց Բրայան դե լա Ֆուենտեյի` եզրից կատարած սուր փոխանցմանը: Խաղակեսի վերջին րոպեին մրցակիցը կրկին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսն «Արարատը» սկսեց գրոհներով և արդեն մեկնարկում խփեց երկրորդ պատասխան գնդակը: Տուգանայինից` Մոյսես Օրոզկոյի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Քրիստիան Չանեյը: Այնուամենայնիվ, «Սոննամը» կարողացավ հաղթանակ կորզել: Նախ սեփական դարպասը գրավեց Նորայր Գրիգորյանը, ապա մրցակիցը խփեց նաև չորրորդ գոլը: Խաղավերջում Գևորգ Նռանյանը խփեց «Արարատի» երրորդ գոլը և կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել մեր թիմին չհաջողվեց` 3:4»:

Հավելենք, որ «Արարատի» կազմում խաղին մասնակցել են՝ Գևորգ Պրազյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Սերգեյ Ավագիմյան, Ռաֆֆի Կայա (Գորիկ Խաչատրյան), Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Բրայան դե լա Ֆուենտե, Էդվին Ռիվաս (Վահե Մարտիրոսյան), Ումարու Կաինա (Գևորգ Նռանյան), Քրիստիան Չանեյ (Մհեր Սահակյան):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում