Մարդու իրավունքները խախտվում են ամբողջ աշխարհում. Amnesty International

Մարդու իրավունքները խախտվում են ամբողջ աշխարհում. Amnesty International

Մարդու իրավունքները լրջորեն խախտվում են փաստորեն ամբողջ աշխարհում, ինչն սպառնալիքի տակ է դնում այս բնագավառում վերջին 70 տարիների նվաճումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս նախազգուշացմամբ հանդես է եկել Amnesty International ոչ կառավարական կազմակերպությունը, որը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում զեկույց է հրապարակել 2015 թվականին աշխարհի 160 երկրներում մարդու իրավունքների հետ կապված դրության մասին:

«Սպառնալիքի տակ են ոչ միայն մեր իրավունքներն, այլեւ այն օրենքներն ու համակարգերը, որոնք դրանք երաշխավորում են»,- այս առթիվ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: «Մարդու համառ աշխատանքի եւ առաջընթացի ավելի քան 70 տարիները գտնվում են սպառնալիքի տակ»,- հավելել է նա՝ նշելով, որ 2015 թվականին մարդու իրավունքների խախտումներ են կատարվել «Վենեսուելայից մինչեւ Եգիպտոս, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից (ԿԴՀ) մինչեւ ՉԺՀ»:

Amnesty International-ը հայտնում է, որ անցյալ տարի կազմակերպության աշխատակիցները խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեպքեր են փաստաթղթերով հիմնավորել 122 երկրներում, 113 երկրներում սահմանափակված Է ազատախոհությունը, 91 երկրներում ահաբեկել են իրավապաշտպաններին, իրավաբաններին, լրագրողներին, իսկ 30 պետություններում դիմել են փախստականներին հայրենիք վերադարձնելու պրակտիկային, որտեղ նրանց վտանգ էր սպառնում: Բացի դրանից, առնվազն 19 երկրներում կառավարությունները կամ զինված խմբավորումները կատարել են «պատերազմական հանցագործություններ» կամ խախտել են մարտական գործողությունների վարման կանոնները:

Ինչպես ընդգծված է զեկույցում, աշխարհում մարդու հիմնական իրավունքների խախտման հետեւանքների ամենավառ վկայություններից մեկը փախստականների եւ միգրանտների հետ կապված սուր ճգնաժամն է, որոնց թիվն անցյալ տարի գերազանցել է 16 միլիոնը: Դա ամենամեծ ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի պահից ի վեր:

Amnesty International-ն աշխարհի ղեկավարներին հորդորել է հնարավոր ամեն ինչ անել մարդու իրավունքների պաշտպանումը երաշխավորելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում