Amnesty International-ը Բաքվին մեղադրել է այլախոհներին հետապնդելու մեջ

Amnesty International-ը Բաքվին մեղադրել է այլախոհներին հետապնդելու մեջ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է այլախոհներին հետապնդելու եւ երկրում քաղաքացիական հասարակությանը ճնշելու մեջ:

«Երկրում չեն դադարում քաղաքական այլախոհության համար հետապնդումները եւ քաղաքացիական հասարակության ճնշումը: Իշխանությունները վրեժխնդիր են անկախ լրագրողներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծվում է 2015 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին կազմակերպության հրապարակած զեկույցում:

Մասնավորապես, Amnesty International-ը նշել է այն վճիռները, որոնք ընդունվել են 2014 թվականին ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների, երիտասարդ ակտիվիստների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ:

«Սպասելի էր, որ 2015 թվականին նրանք բոլորը դատարապարտվեցին երկարատեւ ժամկետներով ազատազրկման», -հայտարարել է կազմակերպության Եվրոպայի եւ Ասիայի գծով տարածաշրջանային փոխտնօրեն Դենիս Կրիվոշեեւը («ՌԻԱ Նովոստի»):

Կազմակերպությունն այդ մարդկանց դեմ մեղադրանքները շինծու է համարում:

«Մեր գնահատականներով, նվազագույնը 18 մարդ Ադրբեջանում մնում են խղճի դատապարտյալներ, այսինքն այն մարդիկ, որոնց դեմ քրեական գործերը կեղծագործված են եղել, եւ նրանք ճաղերի հետեւում հայտնվել են միայն կառավարությանը քննադատելու պատճառով», -ասել է Կրիվոշեեւը:

Դրա հետ միասին, Ադրբեջանի իշխանությունները «շարունակել են վրեժ առնել» անկախ լրագրողներից եւ ակտիվիստներից, նշում է Amnesty International-ը:

«Տեղի են ունեցել անկախ ԶԼՄ-ների հալածանքներ եւ դրանց փակում: Չեն դադարել անկախ լրագրողների նկատմամբ ահաբեկումը, հալածանքը, սպառնալիքները եւ բռնաճնշումները», -ասվում է զեկույցում:

Ավելին, փաստաթղթի հեղինակները նշում են, որ ձերբակալությունների են ենթարկվել անգամ կառավարությանը քննադատող ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների ազգականները: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները ուժեղ թափով խոչընդոտում են իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությանը. նման ոչ կառավարական կազմակերպությունները չեն կարողացել վերսկսել աշխատանքը ակտիվների սառեցման եւ իրենց աշխատակիցների նկատմամբ չդադարող հալածանքների, այդ թվում` նրանց դեմ քրեական գործերի պատճառով, իսկ միջազգային դիտորդներին իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր եւ արտաքսել են նրանից, ընդգծվում է զեկույցում:

Amnesty International-ը Եվրոպայում մարդու իրավունքների ոլորտում 2015 թվականին ամենամեծ հետընթացը նշել է Թուրքիայում:

Անցյալ տարում թուրքական ԶԼՄ-ները բախվել են կառավարության կողմից աննախադեպ ճնշումների հետ, նշանակալիորեն տուժել է կարծիք արտահայտելու ազատությունն ինտերնետում եւ նրա սահմաններից դուրս, հայտնում են իրավապաշտպանները:

Դենիս Կրիվոշեեւի խոսքով` դրա հետ միասին, Թուրքիայի բազմաթիվ «մարդու իրավունքների խիստ լուրջ խախտումներ» Եվրամիության կողմից անտեսվել են` «փախստականների նկատմամբ Թուրքիայի հետ պայմանավորվածության կարեւոր լինելու» պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում