Աստծո ձեռքը, դոպինգով հավը և ֆուտբոլի պատմության մյուս ստերը

Աստծո ձեռքը, դոպինգով հավը և ֆուտբոլի պատմության մյուս ստերը

Դոպինգներ, վաճառած խաղեր, սիմուլյացիաներ… Ֆուտբոլը միայն թիմային համագործակցությամբ և հիասքանչ գոլերով չէ հայտնի, այստեղ նաև անարդարություն կա: Ներկայացնում ենք ֆուտբոլի պատմության առավել հայտնի ստերը:

Դոպինգով հավը

2011 թվականին Մեքսիկայի հավաքականի միանգամից 5 ֆուտբոլիստ (այդ թվում՝ Գիլերմո Օչոան), օրգանիզմում մկանային զանգածն ավելացնող կլենբուտերոլի առկայության պատճառով ձախողեցին դոպինգ-թեստը: Միջադեպը տեղի ունեցավ հունիսին՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկության ժամանակ: Մեքսիկայի Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ ֆուտբոլիստների օրգանիզմում անթույլատրելի դեղանյութը սննդի՝ հավից պատրաստած կերակրի միջոցով է հայտնվել: Բացատրությունն ավելի քան տարօրինակ էր, բայց ֆուտբոլիստները խուսափեցին պատժից: Մեքսիկայի հավաքականը հաղթեց մրցաշարում, իսկ դեպքը դեռ չի մոռացվել:

Սուլիչներով մաֆիա

Բրազիլական ֆուտբոլի պատմության ամենահնչեղ սկանդալներից մեկը 2005-ին գրանցվեց: Դեպքը մրցավարներ Էդիլսոն Պերեյրա դի Կարվալյոյին և Պաուլու Ժոզե Դանելոնին ոստիկանների դուռը հասցրեց: Անհերքելի ապացույցների ճնշման տակ երկուսն էլ ստիպված եղան խոստովանել, որ գումար են վերցրել Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնի մի շարք խաղերի անհրաժեշտ արդյունքն ապահովելու համար: Մրցավարներին «հովանավորել» էր ֆուտբոլի կոռումպացված մրցավարների ընկերություն հիմնած և անօրինական խաղադրույքների միջոցով հարստացած գործարարը: Կասկածի տակ հայտնված խաղերի արդյունքներն անվավեր ճանաչվեցին:

Կեղծիքն իտալական ֆուտբոլում

Եվրո-2012-ի մեկնարկից առաջ իտալական ոստիկանությունը մի շարք ձերբակալություններ կատարեց: Տասնյակ ֆուտբոլիստներ ոստիկանական բաժանմունք հրավիրվեցին «վաճառած խաղերի» և անօրինական խաղադրույքների մեղադրանքով: Նրանց թվում էին նաև «Ատալանտայի» նախկին ավագ Կրիստիանո Դոնին և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջուզեպե Սինյորին: Տուգանված ու միավորներ կորցրած ակումբների շարքում էին «Ատալանտան» և «Սիենան»:

Ծաղրածուն՝ ճաղերի հետևում

Քրեական գործը հասնում է մինչև Ավստրալիա, որտեղ 2013 թվականին պայմանավորված խաղերի պատճառով կիսապրոֆեսիոնալ լիգայի «Սաուտերն Սթարիզ» թիմի 5 անդամ պատժվեց: Կեղծարարության կազմակերպիչը Սեգարան Սուբրամանիամն էր, ով աշխատում էր որպես ծաղրածու: Թաքնված հանցագործները նրան գումար էին տալիս ֆուտբոլիստներին գնելու համար: Նկատելով ոչնչով աչքի չընկնող խաղերի վրա դրված բարձր խաղադրույքները՝ ոստիկանությունը հետաքննության արդյունքում մեկ տարով ազատազրկեց մեղավորին: 

Մեծ պահքի ուրբաթ օրվա սկանդալը

Բարդ է հավատալ, որ պայմանավորված խաղ են անցկացրել նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»: Դեպքը տեղի է ունեցել հեռավոր 1915-ին: «Կարմիր սատանաները» ստորին դիվիզիոնում հայտնվելու վտանգի առաջ էին, ու միավորներն օդի պես էին անհրաժեշտ, իսկ մերսիսայդցիները տեղավորված էին աղյուսակի միջնամասում: Երկու թիմերի որոշ ֆուտբոլիստներ պայմանավորվել էին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին 2:0 հաշվով ավարտել և բուքմեյքերական խաղադրույքներ էին կատարել: Մեծ պահքի ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպումը ծրագրավորված արդյունքով ավարտվեց, բայց դաշտում դերասանական խաղն այնքան վատն էր, որ «Լիվերպուլի» չհաղթելու ցանկությունը նկատել էին անգամ «Օլդ Թրաֆֆորդի» մշտական այցելուները:

Ծրար՝ չեմպիոնության համար

1993-ի մայիսին «Մարսելը» շատ մոտ էր չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը: Չեմպիոնությունը տոնելու առիթը «Վալանսենի» դեմ խաղում տարած հաղթանակը կդառնար: «Մարսելը» հաղթեց, բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ արդյունքին մրցակցի ֆուտբոլիստներն էին միջամտել: Ֆրանսիայի ոստիկանությունը Կրիստոֆ Ռոբերի տանը գումարով ծրար գտավ: «Վալանսենի» հարձակվողին մնում էր խոստովանել, որ գումար է վերցրել: Նա պատմեց, որ «Մարսելի» նախագահ Բերնար Տապինը փորձել է խաղընկերներից երկուսին ևս «գնել», բայց նրանցից մեկն ամեն բան պատմել է «Վալանսենի» ղկավարությանը, ու սկսվել էր հետաքննությունը: «Մարսելը» մեկ տարով զրկվեց եվրագավաթի խաղերին մասնակցելուց, չմասնակցեց նաև ՈւԵՖԱ-ի սուպերգավաթին և Միջմայրցամաքային գավաթին: Մեկ տարի անց ակումբը տեղափոխվեց երկրորդ դիվիզիոն:

Կալչոպոլի

Ֆուտբոլի պատմության ամենամեծ սկանդալներից մեկն Իտալիայում ծագեց 2006 թվականին: «Յուվենտուսին» զրկեցին չեմպիոնական 2 տիտղոսից և կոռուպցիայի բացահայտումից հետո ուղարկեցին B Սերիա: Թուրինի ակումբի հետ պատժվեցին նաև «Միլանը», «Լացիոն», «Ֆիորենտինան» և «Ռեջինան», սակայն այս ակումբները խոշոր տուգանք վճարեցին ու մեկ տարով զրկվեցին եվրագավաթի խաղերին մասնակցելուց, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանը սկսեցին բացասական միավորներով:

Գերմանական սկանդալ

2005-ի սկզբին ֆուտբոլային Գերմանիան ցնցեց գերմանական երկրորդ դիվիզիոնում տեղի ունեցած 2 միլիոն եվրոյի խարդախությունը: Գործող գլխավոր դեմքը մրցավար Ռոբերտ Հոյցերն էր, ով խաղադրույքներ էր կատարում, ապահովում էր երկրորդ Բունդեսլիգայի, Գերմանիայի գավաթի և երրորդ դիվիզիոնի խաղերի արդյունքները: Նա մասնավորապես ազդել էր «Համբուրգի» և «Պադերբորնի» միջև խաղի արդյունքի վրա` հեռացնելով Էմիլ Մպենեսիին, մի քանի անտեղի 11-մետրանոց տուգանային հարված էր նշանակել… Հոյցերին 29 ամսվով բանտարկեցին, բայց մեկ տարի անց վաղաժամ ազատ արձակեցին:

Դերասան Ռիվալդոն

Ֆուտբոլի դաշտում սիմուլյացիայից տհաճ ոչինչ չկա: Դրանից անգամ հանճարները չեն խուսափում: Ռիվալդոն թերևս բոլորից արդյունավետ է այդպես վարվել. 2002-ի Աշխարհի առաջնության ժամանակ նա կեղծեց, կարելի է ասել, գլխի մահացու վնասվածքը: Թուրքիա-Բրազիլիա խաղի վերջին րոպեներին Հական Ունսալը գնդակը նետեց Ռիվալդոյի ազդրին: Բրազիլացին միանգամից խոտածածկին հայտնվեց ու ձեռքերով ծածկեց դեմքը: Մրցավարներն առանց կասկածելու կարմիր քարտ ցույց տվեցին Ունսալին…

«Աստծո ձեռքը»

1986-ի Մունդիալի 1/4 եզրափակչում «Աստծո ձեռքով» խփած գոլը մինչև այսօր ծանրացած է անգլիացի երկրպագուների սրտերին: Եթե Մարադոնայի՝ փայլուն անցումից հետո խփած այդ խաղի երկրորդ գնդակը համարվեց լավագույնը հարյուրամյակում, ապա առաջինը՝ դարի ծաղրն է: Չնայած անգլիացի ֆուտբոլիստների բողոքներին՝ մրցավարն արձանագրեց, որ Մարադոնան գլխով է հարվածել: Հանդիպումից հետո լեգենդար ֆուտբոլիստն ասել է հայտնի խոսքը. «Այս գոլը գրանցվեց ինչ-որ չափով Մարադոնայի գլխով, ինչ-որ չափով՝ Աստծո ձեռքով»:

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում