Մոուրինյու. Դեռ աշխատանք չունեմ և գոհ եմ այդ փաստից

Մոուրինյու. Դեռ աշխատանք չունեմ և գոհ եմ այդ փաստից

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ դեռ ոչ մի ակումբի հետ համաձայնություն ձեռք չի բերել:

-Եթե վաղն անհրաժեշտություն լինի, որ ես աշխատեմ նոր ակումբում, պատրաստ կլինեմ դրան, սակայն կարծում եմ՝ ավելի լավ է սպասել և չշտապել: Պետք է սպասել ճիշտ պահին: Ինձ համար ավելի լավ կլինի նոր ակումբում սկսել աշխատանքս նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Իմ վերաբերյալ տարբեր լուրեր եմ կարդում: Գրում են, որ պատրաստ եմ աշխատել Չինաստանում, հետո ինձ ուղարկում են Իտալիայի առաջնություն: Մեկ անգամ ինձ նկատեցին Միլանում, ու բոլորը սկսեցին գրել, որ կրկին աշխատելու եմ «Ինտերում»: Հիմա ես Սինգապուրում եմ, և, հավանաբար, որոշ լրատվամիջոցներ կհաղորդեն, թե պատրաստվում եմ այս երկրի ակումբներից մեկը գլխավորել:

Ամեն օր նոր լուրեր են հայտնվում, սակայն իրականությունն այլ է. ես դեռ աշխատանք չունեմ և գոհ եմ այդ փաստից,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «The Mirror»-ից:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ժոզե Մոուրինյուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում