ԵԱ. Շամիր Աթյանին չհաջողվեց մեդալ նվաճել

ԵԱ. Շամիր Աթյանին չհաջողվեց մեդալ նվաճել

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան ազատոճայիններ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը։ Երկուսն էլ պայքարը սկսեցին 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասան իրենց մրցակցների նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում մեր ըմբիշները պարտություն կրեցին։

Քանի որ 1/4 երզրափակչում Շամիր Աթյանի մրցակից Շամիլ Կուդիմագոմեդովը հասավ մինչև եզրափակիչ, Աթյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ: Սփոփիչ գոտեմարտում Շամիրը 8։5 հաշվով առավելության հասավ սլովակ Ռենե Մատեյովի նկատմամբ, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում երիտասարդ ըմբիշը 2:10 հաշվով զիջեց աշխարհի կրկնակի չեմպիոն 32-ամյա փորձառու ըմբիշ Իբրահիմ Ալդաթովին:

Հավելենք, որ մարտի 9-ին գորգ դուրս կգան 65 կգ և 97 կգ քաշային ըմբիշները։ 65 կգ քաշային կարգում Հայաստանը չունի ներկայացուցիչ։ 97 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Անդրանիկ Գալստյանը, ով պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի թուրք Ֆաթիհ Յասարլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում