ՉԼ. «Պարի Սեն Ժերմենը» Լոնդոնում ևս հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. «Պարի Սեն Ժերմենը» Լոնդոնում ևս հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» հաղթահարեց «Չելսիի» արգելքը և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ: 

1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենը» հաղթել էր 2:1 հաշվով: Նույն հաշվով փարիզյան թիմն առավելության հասավ Լոնդոնում կայացած խաղում: Լորանի Բլանի սաները հիանալի խաղացին հանդիպման մեկնարկային հատվածում՝ դաշտի տերերին թույլ չտալով ազատ տեղաշարժվելու հնարավորություններ: 16-րդ րոպեին «Չելսիի» պաշտպանությունը համակարգված չխաղաց, և Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո Ռաբյոն առաջ մղեց հյուրերին:

Հիդինկի սաներին հաջողվեց արագ արձագանքել բաց թողած գոլին. 28-րդ րոպեին Դիեգո Կոստան խփեց «ազնվականների» պատասխան գնդակը: Գոլից հետո «Չելսիի» ֆուտբոլիստներն ակտիվացան, մի քանի լավ հնարավորություն ունեցան, սակայն «Պարի Սեն Ժերմենը» պատրաստ էր ցանկացած պահի պատասխանել արագ հակագրոհով:

Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց, և 67-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Մադրիդի «Ռեալը», «Վոլֆսբուրգը» և «Բենֆիկան»:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Չելսի» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1:2
Գոլերը՝ Կոստա 28′ – Ռաբյո 16′, Իբրահիմովիչ 67′

Հետևեք մեզ նաև Telegram-ում