ԵԼ. «Բորուսսիան» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

ԵԼ. «Բորուսսիան» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսսիան» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ և պայքարը շարունակելու լուրջ հայտ ներկայացրեց:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ: Դորտմունդցիները բավականաչափ գոլային պահեր ունեցան, սակայն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում. 30-րդ րոպեին աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Երկրորդ կեսում խաղն էականորեն չփոխվեց. «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին չհաջողվեց հարձակման գծում աչքի ընկնել արդյունավետ գործողություններով, իսկ «Բորուսսիան» երկու գոլ խփեց. դուբլ ձևակերպեց Մարկո Ռոյսը: 

Պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Տոտենհեմ»՝ 3:0
Գոլերը՝ Օբամեյանգ 30′, Ռոյս 61′, 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում