Բադոյան. Կարծում եմ` 3-4 տուր անց լավագույն մարզավիճակում կլինեմ

Բադոյան. Կարծում եմ` 3-4 տուր անց լավագույն մարզավիճակում կլինեմ

Զավեն Բադոյանը «Բանանցի» կազմում նորամուտը նշեց «Փյունիկին» խփած հաղթական գոլով, ապա աչքի ընկավ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների ստուգողական խաղում: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Բադոյանը կիսվել է տպավորություններով:

-Մոտ չորս ամիս է չեմ խաղացել և այդ պատճառով մարզավիճակս բարելավելու համար ժամանակ է պետք: Կարծում եմ, որ երեք-չորս տուր անց լավագույն մարզավիճակում կլինեմ: Բայց «Փյունիկի» դեմ խաղում ինձ լավ էի զգում և «Ալաշկերտի» դեմ խաղին նույնպես լավ եմ մոտենում:

-Մարզումներից բացի ժամանակ հատկացնու՞մ ես ֆուտբոլին: Եվ ֆուտբոլին հատկացված ժամանակը փորձի հետ նվազե՞լ է, թե՞ աճել է:

-Բնականաբար, փորձի հետ միասին ավելի լուրջ ես մոտենում ֆուտբոլին: Մինչև 20-21 տարեկան լինելս խաղում էի դրսում, ընկերների հետ, թեև 16 տարեկանից «Կիլիկիայի» կազմում էի խաղում: Մարզումներից հետո էլ միշտ խաղում էինք: Թեև Բարձրագույն խմբում էի խաղում, բայց չէի էլ մտածում, որ կարող եմ հեռու գնալ որպես ֆուտբոլիստ կամ հավաքական հրավիրվել: Միշտ խաղացել եմ հաճույքի համար:

-«Բանանցն» ինչո՞վ է տարբերվում քո խաղացած նախկին ակումբներից:

-Այստեղ բոլոր պայմանները կան, որպեսզի ֆուտբոլիստն արագ զարգանա և կատարելագործվի: Լավ պայմաններ կան մանկապատանեկան ֆուտբոլում հաջողություն հասնելու համար: Բայց բոլոր ակումբներում էլ մարզիչները ցանկանում եմ հաղթել:

-Մոտ մեկ տարի առաջ «Փյունիկի» կազմում «Ալաշկերտի» դարպասը քո խփած գնդակը մեծ աղմուկ բարձրացրեց: Արտասահմանյան կայքերի կողմից այն ճանաչվել էր աշխարհում շաբաթվա լավագույն գոլ, նույնիսկ կատակներ սկսեցին տարածվել: Հետևու՞մ էիր այդ ամենին:

-Միայն տեսագրությունը դիտելուց հետո հասկացա, թե ինչ գեղեցիկ գոլ է ստացվել: Շատ հաճելի էր, տարածվեց նաև համաշխարհային կայքերում: Ոչ միայն նրա համար, որ իմ անունը տարածվեց, այլ հաճելի էր այն, որ Հայաստանի մասին մի փոքր ավելի շատ իմացան:

-Հնարավո՞ր է կրկնել այդ գոլը:

-Կփորձեմ (ժպտում է): Եթե այդպիսի լավ փոխանցում գա, կարելի է փորձել: Ինչու՞ ոչ:

-«Ալաշկերտի» դեմ խաղում ինչի՞ հաշվին կարելի է հաջողության հասնել:

-Հենց այնպես չէ, որ «Ալաշկերտն» առաջին տեղով ընթանում: Մարզիչները պետք է գտնեն մրցակցի թույլ կողմերը մեզ ասեն, և մենք էլ փորձենք օգտագործել դրանq: Պետք չէ հարցազրույցի միջոցով խոսել այդ մասին, քանի որ հակառակորդը նույնպես կարող է կարդալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում