Վարշամ Բորանյան. Երբ տրամադրված ես միայն հաղթանակի, հաղթում ես

Վարշամ Բորանյան. Երբ տրամադրված ես միայն հաղթանակի, հաղթում ես

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվել է առաջին տպավորություններով՝ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո:

-Վարշամ, շնորհավորում եմ քեզ երկար սպասված ոսկե մեդալի կապակցությամբ: Դու մարզասերներին հայտնի ես որպես «մարզական բախտ» չունեցող ըմբիշ, ով ամեն անգամ մեկ քայլ հետ է մնացել մեդալից: Այսօր բախտը քեզ ժպտա՞ց:

– Այո, ճիշտ եք (ծիծաղում է): Ամեն անգամ մի բան ինձ խանգարում էր հաջողության հասնել: Այս անգամ, փառք Աստծո, լուրջ վնասվածքներ չունեի և ինձ հաջողվեց ոսկե մեդալ նվաճել:

-Մրցակիցներիդ մասին ի՞նչ կասես:

-Բոլորն էլ արժանի հակառակորդներ էին: Կառանձնացնեմ եզրափակիչ և կիսաեզրափակիչ գոտեմարտերը: Սակայն, երբ տրամադրված ես միայն հաղթանակի և քեզ ոչինչ չի խանգարում՝ ստացվում է հաղթել:

-Կարելի՞ է ասել, որ այս անգամ հոգեբանորեն էիր ավելի լավ պատրաստվել:

-Մարզիչներս՝ ընկեր Արամը, և հատկապես, հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ինձ շատ լավ էին տրամադրել, մանավանդ՝ եզրափակչից առաջ: Շատ շնորհակալ եմ մարզչական անձնակազմին, սա բոլորիս հաղթանակն է:

-Վարշամ, այստեղ նկատելի վատ մրցավարություն կար՝ ուղղված հայ ըմբիշների դեմ: Մտավախություն չունեիր, որ դու էլ կարող ես անարդար մրցավարության զոհ դառնալ:

-Անկեղծ ասած՝ եզրափակչի ժամանակ ինչ-որ տեղ մտավախություն կար, բայց ամեն ինչ լավ ստացվեց:

-Քո քաշը ոչ օլիմպիական է: Հնարավո՞ր է, որ փոխես քաշային կարգդ:

-Դրա մասին դեռ չեմ մտածում:

-Այդ դեպքում, ի՞նչ անելիքներ ունես առաջիկայում:

-Դեռ պարզ չեն հետագա ծրագրերս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում