Լևոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ ցավագին ոչինչ չեմ տեսնում

Լևոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ ցավագին ոչինչ չեմ տեսնում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը և մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները:

-Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ մեկնաբանել Արթուր Ալեքսանյանի պարտությունը: Մարզասերները տհաճ անակնկալի եկան:

-Բացարձակ ոչ մի ցավագին բան չեմ տեսնում Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ: Նորմալ երևույթ է: Պրոֆեսիոնալ սպորտում կա և հաղթանակ, և պարտություն: Արթուրը Եվոպայի առաջնությանը եկել էր իր միջին մարզավիճակով: Մենք ինքներս չցանկացանք, որ նա գերազանց մարզավիճակով գար: Կային սխալներ, որոնց վրա պետք է աշխատենք: Բացի այդ մարզասերներն էլ արդեն հասկանում են, որ երբ մենք մրցում ենք ռուսների հետ, պետք է մեկ գլուխ բարձր լինենք նրանցից:

Հավասարի դեպքում մեր հնարավորությունները քչանում են: Մենք մինչև Օլիմպիական խաղերն այն աստիճանի կմարզվենք, որ ոչ թե մեկ այլ երկու գլուխ բարձր լինենք մեր մրցակիցներից և ոչ մի հնարավորություն չտանք մրցավարներին: Այս պարտությունը պետք է նոր լիցքեր տա Արթուրին, որպեսզի նա ավելի շատ ձգտի հաղթանակի: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի:

-Վերջապես Վարշամ Բորանյանին հաջողությունը ժպտաց և նա նվաճեց բաղձալի ոսկին: Նրա ելույթները կմեկնաբանե՞ք:

-Դեռ երիտասարդ տարիքից Վարշամը շատ մոտ էր կանգնած մեդալին, բայց ամեն անգամ նրա մոտ մի բան չէր ստացվում: Անընդհատ մի բան խանգարում էր նրան: Նա դեռ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ պետք է առնվազն եզրափակչում լիներ: Ես միշտ հավատացել և սպասել եմ նրա հաղթանակին: Փառք Աստծո, աշխատանքը զուր չանցավ: Շատ լուրջ և գրագետ գոտեմարտեր անցկացրեց և կարողացավ ապացուցել, որ ինքն այդ քաշային կարգի լավագույններից է: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ մենք կարողանում ենք ուրախացնել մարզասերներին, մեր ժողովրդին, մեր ազգին:

-Կարապետ Չալյանի՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բրոնզե նորամուտի մասին ի՞նչ կասեք:

-Ես ուրախ եմ, որ Արսեն Ջուլֆալակյանին երիտասարդ և խոստումնալից փոխարինող կա: Ճիշտ է, կան բացեր, որոնց վրա պետք է աշխատել: Ամեն դեպքում ամենակարևորն այն է, որ Չալյանը շատ նպատակասլաց, աշխատասեր, պայքարող, չզիջող և կռիվ տվող ըմբիշ է: Նա մեծ հեռանկարներ ունի, ես հավատում եմ Չալյանին:

-Պարոն Ջուլֆալակյան, Ռոման Ամոյանին շատերն ուղարկել էին թոշակի: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա արծաթե «վերադարձը»:

– Բոլորս Ռոմանին ճանաչում ենք (ծիծաղում է), որպես աշխարհով մեկ հայտնի հզոր ըմբիշներից մեկը: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սպորտը տարիքի հետ չի կարող համակերպվել: Չէի ասի վերադարձ: Նրա մոտ մարզական խորամանկություն կա՝ բոլորին հանգստացնում է, որ ինքը չկա, բայց ինքը միշտ կա: Պետք է նրա մարզումներին ճիշտ մոտեցում ցուցաբերել: Սա այդ մոտեցման արդյունքն էր: Տա Աստված, որ կարողանա օլիմպիական տարին լավ եզրափակել:

-Թիմային հաշվարկով Հայաստանը երկրորդ տեղում է: Դա Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք 8 մարզիկով և վերադառնում ենք 4 մեդալով: Դա լուրջ արդյունք է: Բոլոր հարկի մեդալներից ունենք: Հուսանք, որ վարկանիշներ ձեռք կբերենք և կմեկնենք Օլիմպիական խաղերին ոչ թե մասնակցելու այլ լավ արդյունքներ ցույց տալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում