Վարշամ Բորանյան․ Աստված կամեցավ, որ չեմպիոն դառնամ

Վարշամ Բորանյան․ Աստված կամեցավ, որ չեմպիոն դառնամ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան: Ռիգայում կայացած Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Վարշամ Բորանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աննկարագրելի զգացողություններ ունի և ուրախ է նման ջերմ ընդունելության համար:

«Այս պահին չեմ կարող բառերով արտահայտել զգացածս։ Հավանաբար, Աստված կամեցավ, որ ես չեմպիոն դառնամ։ Շնորհակալ եմ բոլորին: Եզրափակչում որոշակի լարվածություն կար, բայց այնքան շատ չէր, որ խանգարեր ինձ»,-ասաց Բորանյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք չի ափսոսում, որ իր քաշային կարգը օլիմպիական չէ, Վարշամը տվեց հետևյալ պատասխանը.

«Կարևորը՝ կարողացա հաղթել այս առաջնությունում։ Մարզաձևի առաձնհատկությունն է, որ որոշ քաշային կարգեր օլիմպիական չեն: Կարևորն այն է, որ հենց ըմբշամարտն է Օլիմպիական խաղերի ծրագրում»։

Գյումրեցի ըմբիշն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ռիգայում իրեն երկրպագող հայերին:

«Շատ հաճելի է, երբ քեզ աջակցում են հատկապես օտար հողի վրա: Դա մեծ ուժ է տալիս և ոգևորում է: Շնորհակալ եմ»,-խոսքը եզրափակեց Վարշամ Բորանյանը:

Հասմիկ Գրիգորյան
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում