Գևորգ Ալեքսանյան․ Օլիմպիական խաղերի ժամանակ պարզ կլինի՝ ով ում հակախաղն է գտել

Գևորգ Ալեքսանյան․ Օլիմպիական խաղերի ժամանակ պարզ կլինի՝ ով ում հակախաղն է գտել

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում որդու ելույթների վերաբերյալ իր մեկնաբանությունը տվեց: 

Հիշեցնենք՝ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ռիգայում կայացած առաջնությունում ոսկե մեդալի համար պայքարում 0:4 հաշվով պարտվել է սկզբունքային մրցակցին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկիտա Մելնիկովին:

Գևորգ Ալեքսանյանն ընդգծեց, որ այս առաջնության միջոցով պատրաստվում են Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

«Աշխարհի առաջնությունից հետո Արթուրը նման լուրջ մրցաշարի չէր մասնակցել։ Օլիմպիական խաղերից առաջ այսպիսի առաջնություն էր պետք, որտեղ նա կկարողանար հանդիպել իր հիմնական մրցակիցներին և զգալ, թե ով ինչի է ընդունակ։ Ես շատ ուրախ եմ, որ այս քաշային կարգում լուրջ ըմբիշներ են հանդես գալիս։ Այս առաջնությունից հետո հասկացանք, թե ինչ պետք է շտկել Արթուրի մարտավարության մեջ»։

Գևորգ Ալեքսանյանն անդրադարձավ մրցավարական որոշումներին. «Հնարավոր է՝ կրկնում եմ, բայց փոքր-ինչ դժգոհ եմ մրցավարությունից: Ամեն դեպքում, պետք է սովորենք այնպես գոտեմարտել, որ մրցավարական գործոնը չազդի մեզ վրա»:

Ըստ Գևորգ Ալեքսանյանի, սա իր որդու մարզավիճակի գագաթնակետը չէ․ «Արթուրն իր մարզավիճակի գագաթնակետին պետք է հասնի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Առաջնությունում նրա միակ վրիպումն այն եղավ, որ եզրափակիչ գոտեմարտում չորեքթաթ դրությունից մի փոքր ուշ սկսեց շարժվել, ինչից էլ օգտվեց Նիկիտա Մելնիկովը և 4 միավորանոց հետադարձ գցում կատարեց։ Եզրափակիչ գոտեմարտի ընթացքում Արթուրը հարձակվում էր։ Նիկիտա Մելնիկովին հրահանգ էր տրված՝ պարզապես դիմագրավել Արթուրի գրոհներին և միավոր չտալ: Եթե երկրորդ մրցափուլում մրցակցին պասիվության համար չորեքթաթ դրության իջեցնեին, ինչը պետք է անեին ըստ օրենքի, Արթուրը գլորում կաներ, ինչից նրանք վախենում էին։ Սա ողբերգություն չէ։ Մարզիկը չի կարող անընդհատ վերելքի վրա լինել, այսպիսի դեպքեր էլ են պատահում»։

Sport Times.am-ի հարցին, թե տեղյա՞կ է, որ Նիկիտա Մելնիկովի անձնական մարզիչը նշել է, որ գտել են Արթուր Ալեքսանյանին հաղթելու բանալին, և Նիկիտան միակ ըմբիշն է, ով 3 հաղթանակ ունի Արթուրի նկատմամբ, Գևորգ Ալեքսանյանը ժպիտով տվեց հետևյալ պատասխանը.

«Եթե մասնագիտական աչքով նայենք, 3 անգամ էլ մրցավարներն են գտել Արթուրին հաղթելու ձևը: Ես չգիտեմ՝ նրանք ինչ են ասել, իրենք իրենց կարծիքն ունեն, ես՝ իմ: Օլիմպիական խաղերին պարզ կլինի՝ ով ում հակախաղն է գտել»,- եզրափակեց խոսքը Գևորգ Ալեքսանյանը։

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում