Amnesty International-ը արշավ է սկսել Յունուս ամուսիններին Ադրբեջանից դուրս թողնելու պահանջով

Amnesty International-ը արշավ է սկսել Յունուս ամուսիններին Ադրբեջանից դուրս թողնելու պահանջով

Amnesty International հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսիններին բուժման նպատակով Ադրբեջանից դուրս թողնելու պահանջով արշավ է սկսել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության մամուլի տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ խանգարում են շտապ բուժման համար հայտնի իրավապաշտպաններ եւ խղճի բանտարկյալներ Յունուս ամուսինների արտասահման ուղեւորությանը:

Միջազգային հանրության համառ պահանջներից հետո ամուսինները վերջապես պայմանական ազատ են արձակվել բանտից, սակայն, նրանց դեմ քրեական պատիժը հանված չէ: Նրանք կեղծ մեղադրանքներով նախկինի պես Ադրբեջանում համարվում են դատապարտյալներ, ասվում է հաղորդագրության մեջ:

Amnesty International-ը Յունուս ամուսիններին պաշտպանել ցանկացող բոլորին կոչ է արել Ադրբեջանի նախագահի եւ գլխավոր դատախազի էլեկտրոնային հասցեին ամուսիններից շինծու մեղադրանքները հանելու եւ արտասահմանում բուժվելու համար երկրից դուրս թողնելու պահանջով նամակներ հղել, քանի որ նրանց բուժումն Ադրբեջանում հնարավոր չէ:

Ադրբեջանի խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Լեյլա Յունուսը ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 30-ին եւ մեղադրվել ծանր, այդ թվում` պետական դավաճանության հանցագործությունների մեջ: 2015 թվականի օգոստոսին նա 8,5 տարի ժամկետով ազատազրկման է ենթարկվել: Նույն թվականի դեկտեմբերին այդ ժամկետը փոխարինվել է պայմանական բանտարկությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում