Միհրան Հարությունյան. Ռիգայում ես ինձ նման չէի

Միհրան Հարությունյան. Ռիգայում ես ինձ նման չէի

Առաջին Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Եվրոպայի առաջնությունում իր ձախողման պատճառների և հետագա անելիքների մասին:

-Միհրան, ի՞նչը քեզ խանգարեց լավ ելույթ ունենալ Եվրոպայի առաջնությունում: Մրցագորգում դու քեզ նման չէիր:

-Առաջին հերթին ես կորցրել էի իմ ներքին հավասարակշռությունը: Չէի կարողանում ստիպել օրգանիզմիս «միանալ»: Մրցագորգում ես միայն ֆիզիկապես էի ներկա: Ես այնտեղ էի, լսում և տեսնում էի ամեն ինչ, սակայն ինքս ինձ նման չէի և ոչինչ չէի կարողանում անել: Երբ ինձ չորեքթաթ դրություն տվեցին, ես հասկանում էի, թե ինչ է ցանկանում անել մրցակիցս, սակայն քարացել էի: Ես լսում էի, թե ինչ հուշումներ էր տալիս հավաքականի գլխավոր մարզիչը: Նա շատ ճիշտ ուղղություն էր տալիս ինձ, ցավոք, ես չկարողացա կատարել նրա հրահանգները:

-Խոսակցություններ կային, որ դու վնասվածքով ես մեկնել Ռիգա: Դա համապատասխանո՞ւմ էր իրականությանը:

-Ինչ վերաբերում է մեջքիս վնասվածքին, որը ես ստացել էի վերջին հավաքի ժամանակ, այն ինձ այդքան չէր խանգարում, որքան ձեռքիս վնասվածքը: Ես երկու ձեռքերով էլ գրեթե չէի կարողանում աշխատել: Շատ երկար ժամանակ փորձում էի վերականգնվել այդ վնասվածքից, փորձել եմ բուժման տարբեր մեթոդներ, որպեսզի հասցնեմ մասնակցել Եվրոպայի առաջնությանը, սակայն չհասցրի ամբողջովին վերականգնվել: Կարծում եմ՝ այժմ վիրահատական միջամտություն հարկավոր կլինի: Սակայն այս ամենը թող չհնչի որպես արդարացում: Ես պետք է ամեն պրագայում լավ հանդես գայի: Հաղթանակներն ու պարտությունները սպորտի և կյանքի անբաժանելի մասն են: Խոստանում եմ, ես դեռ նշանակալի ավանդ կունենամ ի պատիվ իմ հայրենիքի:

-Ի՞նչ ծրագրեր ունես մինչև Օլիմպիական խաղերը:

-Այս պահին ես պետք է մենակ մնամ և ընտանիքիս հետ: Նրանք միակն են, ովքեր չեն փոխում իրենց վերաբերմունքը իմ նկատմամբ՝ անկախ իմ արդյունքներից: Ես դաս կքաղեմ այս պարտությունից: Կվերլուծեմ ելույթներս և կշարունակեմ նախապատրաստվել: Մինչև Ռիոյի խաղերը կմասնակցեմ մի քանի մրցաշարի: Այժմ ծրագրում եմ մարտի 17-ին գնալ բուժզննման:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում Հայաստանից և բոլոր նրանցից, ովքեր հավատում և երկրպագում էին ինձ: Շնորհավորում եմ մեր թիմին, Եվրոպայի առաջնության արդյունքների կապակցությամբ: Ցանկանում եմ հաջողություն և նորանոր հաղթանակներ: Շնորհակալություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում