ԵԼ. Լոնդոնում ևս «Բորուսսիան» հաղթեց «Տոտենհեմին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

ԵԼ. Լոնդոնում ևս «Բորուսսիան» հաղթեց «Տոտենհեմին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բորուսսիան» առանց դժվարությունների հաղթահարեց «Տոտենհեմի» արգելքը: Դորտմունդում կայացած առաջին խաղում Թոմաս Տուխելի սաները հաղթել էին 3:0 հաշվով, իսկ Լոնդոնի «Ուայտ Հարտ Լեյն» մարզադաշտում դորտմունդցիներն առավելության հասան 2:1 հաշվով:

Հանդիպման 24-րդ րոպեին «Բորուսսիային» առաջ մղեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում մեկական գոլ խփեցին: Նախ 70-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Օբամեյանգը, ապա Սոն Հին Մինը կրճատեց հաշվի տարբերությունը:

Մխիթարյանը «Բորուսսիայի» մեկնարկային կազմում է և արդյունավետ փոխանցում կատարելուց հետո խաղադաշտում տեղը զիջեց Շինձի Կագավային:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Տոտենհեմ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1:2 / 1:5
Գոլերը՝ Սոն Հին Մին 74′ – Օբամեյանգ 24′, 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում