Լևոն Ջուլֆալակյան. 99% վստահ եմ իմ տղաների մաքրության վրա

Լևոն Ջուլֆալակյան. 99% վստահ եմ իմ տղաների մաքրության վրա

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին (մարտի 24-ից ապրիլի 2-ը) ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հավաքից ազատել է 71 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանին, 98 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանին և 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին, քանի որ վերջինս ապաքինվում է վնասվածքներից։

Sport Times.am-ի հետ զրույցում Լևոն Ջուլֆալակյանը պարզաբանել է մի քանի հարց։ Սերբիայում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին մասնակցելու է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը. ըստ հավաքականի գլխավոր մարզչի, սա Կարապետի համար ավելի համապատասխան մրցաշար է:

«Ծրագրել ենք Արսեն Ջուլֆալակյանին ուղարկել երկրորդ համաշխարհային վարկանիշային մրցաշարին՝ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր։ Սերբիայի մցաշարը միայն եվրոպական երկրների համար է վարկանիշային, իսկ Կարապետը լավ հանդես եկավ Եվրոպայի առաջնության ժամանակ: Այս մրցաշարում նրա համար համեմատաբար հեշտ կլինի։ Դրա համար էլ որոշեցինք բաշխումն այսպես անել»,-ասաց մարզիչը:

Sport Times.am-ի հարցին՝ եթե Կարապետ Չալյանը Սերբիայում ուղեգիր նվաճի, այդ դեպքում 75 կգ քաշային կարգում ո՞վ կմեկնի Ռիո, Լևոն Ջուլֆալակյանը տվեց հետևյալ պատասխանը. 

«Բոլորս լավ գիտենք, որ վարկանիշը տրվում է երկրին, ոչ թե անհատապես մարզիկին։ Ե՛վ Կարապետ Չալյանը, և՛ Արսեն Ջուլֆալակյանը լավ ըմբիշներ են։ Ես՝ որպես հավաքականի գլխավոր մարզիչ, լավ գիտեմ, թե ինչ ճանապարհ է անցել Արսենը, իսկ Կարապետը մեծ պոտենցիալ ունեցող ըմբիշ է։ Մնացածը ցույց կտա ժամանակը։ Կարևորը՝ այդ քաշային կարգում վարկանիշ ձեռք բերենք։ Ինչ վերաբերում է որոշում կայացնելուն, թող ինձ համար դժվար լինի, բայց ես որոշում կկայացնեմ»:

Sport Times.am-ի այն հարցին, թե ինչու՞ 85 կգ քաշային կարգում վարկանիշային առաջին մրցաշարին կմասնակցի Արթուր Շահինյանը, այլ ոչ թե Մաքսիմ Մանուկյանը, Լևոն Ջուլֆալակյանը պատասխանեց, որ Մաքսիմին հանգստանալու հնարավորություն են տվել․

«Մաքսիմ Մանուկյանի մոտ մի քանի մրցաշար ավելի է ստացվել և որպեսզի ավելի շատ չհոգնեցնենք նրան, առաջին մեկնարկի իրավունքը տրվեց Արթուր Շահինյանին: Եթե կարիք լինի մասնակցելու երկրորդ վարկանիշային մրցաշարին, ապա կմեկնի Մաքսիմ Մանուկյանը»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։

Վերջերս UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը հայտարարել էր, որ հետխորհրդային 7 երկրների ըմբիշների մոտ հայտնաբերվել է մելդոնի նյութը, որը 2016 թվականի հունվարի 1-ից Համաշխարհային հակադոպինգային ասոցիացիայի արգելված նյութերի ցանկում է։ Լևոն Ջուլֆալակյանը կարծում է, որ մեր հավաքականի տղաները խնդիրներ չեն ունենալու:

«Անկեղծ ասած, ես երբեք չեմ փորձի 100% պատասխանել, որ մենք դոպինգի հետ կապված խնդիրներ չենք ունենա։ Ըստ իս, մենք վտանգված չենք և այդ 7 երկրների ցանկում չենք։ Հավաքականի ներսում խիստ պահում ենք բոլոր կանոնները և ցանկացած հաբ կամ վիտամին, որ օգտագործվում է, համաձայնեցվում է Հայաստանի հակադոպինգային կոմիտեի հետ։ Եթե ինչ-որ մեկը ինքնագլուխ ինչ-որ արգելված բան ընդունի, ամբողջությամբ իր մեղքը կլինի։ Կրկնում եմ՝ ես 99% վստահ եմ իմ թիմի տղաների մաքրության վրա, քանի որ նրանք շատ կարգապահ են, իսկ այն 1%-ը վերպահում է, քանի որ նրանցից յուրաքանչյուրը անհատ է»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Հասմիկ Գրիգորյան
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում