Ռոման Ամոյան. Մեծ եռանդով եմ պատրաստվում վարկանիշային մրցաշարին

Ռոման Ամոյան. Մեծ եռանդով եմ պատրաստվում վարկանիշային մրցաշարին

Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ռոման Ամոյանը պատրաստվում է ապրիլի 15-17-ը Սերբիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին։ Sport.Times.am-ին տված մեկնաբանությունում փորձառու ըմբիշը նշել է, որ մեծ հավատով է պատրաստվում այդ մրցաշարին․

«Ինչ խոսք, եռանդը մեծ է, հատկապես հաջող ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո։ Լավ նախապատրաստական փուլ ենք անցնում մինչ այդ վարկանիշային մրցաշարին մասնակցությունը: Հույս ունեմ, որ վնասվածքներ չեն լինի, իսկ մնացածը գորգը ցույց կտա»։

Այն հարցին, թե ինչո՞ւ առանց դադար տալու միանգամից մեկնում է հենց այս մրցաշարին, երբ դրանից հետո 2 վարկանիշային մրցաշար էլ կա, Ռոմանը պատասխանեց, որ այս պահին իրեն լավ է զգում և հոգնածության զգացողություն չունի. «Խորհրդակցելով մարզչական խմբի և գլխավոր մարզչի հետ՝ այդպես որոշեցինք»։

Ռոմանն ավելացրեց, որ իր՝ 59 կգ քաշային կարգը ամենամրցակցային քաշային կարգերից մեկն այժմ աշխարհում, և շատ ուժեղ ըմբիշներ են պայքարելու թե´ վարկանիշային մրցաշարերում, և թե´ Օլիմպիական խաղերում․

«Դժվար է լինելու, բայց կփորձեմ ամեն ինչ անել, որ կարողանամ մասնակցել Օլիմպիական խաղերին»,-ամփոփեց Ամոյանը։

Լուսանկարը՝ «ArmenPress»

Հետևեք մեզ նաև Telegram-ում