Արսեն Ջուլֆալակյան․ Միշտ պետք է ապացուցես՝ դու ուժեղ ես և լավագույնը

Արսեն Ջուլֆալակյան․ Միշտ պետք է ապացուցես՝ դու ուժեղ ես և լավագույնը

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարերին։ Այժմ մեր հունահռոմեականները վարկանիշ ունեն միայն 66 կգ և 98 կգ քաշային կարգերում։

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու Սերբիայում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին և պատրաստվում է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Sport Times.am-ի հետ զրույցում Արսենը պատմել է՝ ինչու՞ չի մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ինչու՞ է բաց թողնում Սերբիայում կայանալիք մրցաշարը, ի՞նչ կարծիք ունի մարզաշխարհը ցնցած դոպինգ-սկանդալի մասին:

-Որո՞նք են Եվրոպայի առաջնությանը և Սերբիայի մրցաշարին չմասնակցելու պատճառները:

-Կարծում եմ՝ ցանկացած մարզասեր, պրոֆեսիոնալ մարզիկ ու մարզիչ համակարծիք կլինի ինձ հետ, որ մեկ տարվա մեջ ավելորդ է 4-5 լուրջ մեկնարկ անել մինչև Օլիմպիական խաղերը: Աշխարհի առաջնությունից հետո ես բավականին բարդ իրավիճակում հայտնվեցի, քանի որ մտածում էի՝ առնվազն վարկանիշ ձեռք կբերեմ, իսկ իրականում գնացել էի աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու, բայց օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով վարկանիշ չեղավ, ու ամբողջ ծրագրերը փոխվեցին։ Իմ գերնպատակը Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ նվաճելն է, իսկ մնացած ամեն ինչ ինձ շեղելու է այդ նպատակից։

Եվրոպայի առաջնությունը կոնկրետ ինձ ոչինչ չտվող մրցաշար է: Եվրոպայի առաջնության բոլոր մեդալները ունեմ, իսկ վարկանիշ այդ առաջնության ժամանակ չէր խաղարկվում։ Բացի այդ, ունենք երիտասարդ ըմբիշներ, որոնք ևս պետք է առաջընթաց գրանցեն: Այս պարագայում ագահություն անել՝ մասնակցելով բոլոր մրցաշարերին, ըստ իս, անիմաստ է։ Ինչ վերաբերում է վարկանիշային մրցաշարերին՝ ինչպես աշխարհի առաջնության ժամանակ, այնպես էլ վարկանիշային մրցումներին կարող է այնպես լինել, որ ինչ-որ բան ծրագրվածով չգնա։ Ինչքան էլ ուժեղ լինես, մեկ դեպքում կարող է մրցավարը խանգարել, մեկ այլ դեպքում այդ օրը քեզ վատ զգաս, և ընդամենը մեկ վրիպումը կարող վարկանիշ արժենալ: Աստված չանի, եթե առաջին մրցաշարում չկարողանաս վարկանիշ ձեռք բերել, պետք է երկրորդին մասնակցես, երկրորդում չստացվի՝ երրորդին, դրան էլ գումարած Եվրոպայի առաջնությունը՝ ստացվում է 4 մեկնարկ: Չեմ պատկերացնում մի մարզիկի, ով այդքանից հետո կկարողանա գերազանց մասնակցել Օլիմպիական խաղերին։

Չգիտեմ՝ մտածված, թե պատահական, բայց Եվրոպայի վարկանիշային առաջին մրցաշարը շատ վատ ժամանակացույցով են կազմել. եթե Ամերիկայի և Ասիայի վարկանիշային առաջին մրցաշարերը համաշխարհային վարկանիշային մրցաշարերից մեկ ամիս կամ ամիսուկես առաջ են, ապա Եվրոպայինը ստացվեց 5 օր տարբերությամբ։ Մարզիկը ֆիզիկապես չի կարող երկրորդին էլ մասնակցել։ Ճիշտ է՝ կլինեն մարզիկներ, ովքեր կցանկանան, բայց դա իրենց անձնական որոշումն է։ Անձամբ ես կարծում եմ, որ սխալ է 5 օրվա տարբերությամբ 2 վարկանիշային մրցման մասնակցել, չէ՞ որ գնում ես հաղթելու, ոչ թե պարզապես 1-2 գոտեմարտ անցկացնելու։ Դրա համար որոշեցինք սկսել Մոնղոլիայի մրցաշարից: Երկրորդ վարկանիշային մրցաշարին 3 վարկանիշ է խաղարկվելու, իսկ առաջինին՝ 2։ Կարապետ Չալյանը նոր է վերադարձել Եվրոպայի առաջնությունից և այդ քաշային կարգում լավ է հանդես եկել, դրա համար նա կմեկնի Սերբիա։ Միգուցե նա կարողանա վարկանիշ նվաճել, և կազատվենք այդ դարդից (ժպտում է-խմբ.)։

-Եթե Կարապետը վարկանիշ ձեռք բերի, և հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը որոշի, որ նա է մեկնելու Ռիոյի Օլիմպիական խաղերին…

-Ես վստահ եմ, որ ցանկացած ընտրություն պետք է հիմնավորված լինի: Եթե մասնագետները և Լևոն Ջուլֆալակյանը գտնեն, որ Օլիմպիական խաղերին 75 կգ քաշային կարգում որևէ մարզիկ կարող է ավելի վստահ, ավելի ուժեղ ու ավելի լավ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, և դա հիմնավորի, ես ի՞նչ կարող եմ անել… Սա սպորտ է, և սպորտի օրենքն է՝ միշտ պետք է ապացուցես, որ դու ուժեղ ես և լավագույնը։ Եթե ինձ մոտ ամեն ինչ նորմալ հունով ընթանա, առողջ լինեմ, նորմալ մարզավիճակում, մեծամտություն թող չթվա, բայց կարծում եմ՝ պատրաստ կլինեմ Օլիմպիական խաղերին բարձր արդյունքներ ցույց տալ։

Լևոն Ջուլֆալակյանի փորձն ու մասնագիտական որակները թույլ կտան ամեն ինչ լավ ծանրութեթև անել, հետո նոր որոշում կայացնել։ Չմոռանանք՝ խոսքը Օլիմպիական խաղերի մասին է։ Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ժամանակ 1-2 լավ մասնակցությունը բնավ չի նշանակում, որ պատրաստ ես Օլիմպիական խաղերին փայլել։ Սա այլ մակարդակ է: Սեփական փորձով եմ ասում, քանի որ արդեն 3-րդ խաղերին եմ պատրաստվում։ Այլ մթնոլորտ է, հնարավոր է՝ լավագույնները վրիպեն, ու անհայտ մարզիկները դառնան չեմպիոն։ Անկանխատեսելի մի մրցաշար է, որտեղ պետք է լավագույնս պատրաստ լինես՝ ֆիզիկապես, տեխնիկապես, հոգեբանորեն, առանց վնասվածքների: Պետք է ինչ-որ հանրագումար լինի, որ կարողանաս այդ օրը փայլել։

-Ըմբշամարտը համարվում է ամենամաքուր մարզաձևերից։ Ինչպե՞ս ստացվեց, որ դոպինգ սկանդալը թակեց նաև Ձեր մարզաձևի դուռը։

-Վաղուց եմ ասում, որ մեծ սպորտը արմատապես կապված է քաղաքականության հետ, և չի կարելի հերքել այն փաստը, որ սպորտն ու քաղաքականությունն իրար հետ են քայլում։ Օրինակները շատ են՝ ՖԻՖԱ-ի դեպքերը, Բաքվի խաղերը, թվարկումը կարելի է անվերջ շարունակել։ Մի՞թե նկատելի չէ, երբ Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտը առաջացավ, սկսվեց նաև այս ամենը: Տնտեսական պատժամիջոցներ, հետո սպորտ, որը Ռուսաստանի իշխող վարչակարգի հիմնասյուներից մեկն է։ Սպորտը, մշակույթն այն բնագավառներն են, որոնց միջոցով բազմաթիվ հոգսերից շեղում են հասարակությանը։ Ինչքան էլ վատ տնտեսական վիճակում լինես ու ինչ հոգսեր էլ ունենաս, երբ քո երկիրը ներկայացնող մարզիկը հաղթում է, առնվազն մեկ օր կտրվում ես հոգսերից։ Այդ պատճառով էլ որոշակի քաղաքական նկատառումներից ելնելով՝ սկսվեց այս ամենը։

Ինչու՞ հենց «Միլդրոնատ» կոչվող դեղամիջոցը, որը տարիներ շարունակ օգտագործում էին բոլոր հետխորհրդային երկրներում։ Հետխորհրդային երկրներում այն տարածված է, քանի որ դեղամիջոցը ստեղծվել է Լատվիայում («Միլդրոնատն» առաջին անգամ սինթեզվել է 1970-ականներին Լատվիայի օրգանական սինթեզի ինստիտուտում քիմիկոս Իվարս Կալվինիշի կողմից-խմբ․)։ Ես անձամբ դրա կարիքը չեմ ունեցել։ «Միլդրոնատի» հաբեր էլ կան (դեղամիջոցը թողարկվում է 3 ձևով՝ ներքին օգտագործման համար նախատեսված հաբեր, ներքին օգտագործման համար նախատեսված թուրմ և ներարկման համար նախատեսված լուծույթ-խմբ․), ես մեկ անգամ փորձել եմ, բայց քանի որ զարկերակային բարձր ճնշում ունեմ, իսկ դրանք բարձրացնում են ճնշումը, այլևս չօգտագործեցի: Դա հեռավոր 2009 թվականին էր:

Հետխորհրդային բոլոր երկրների մարզիկներն օգտագործել են «Միլդրոնատ» ու շատ ազատ: Հանուն արդարության պետք է ասեմ, որ երբ ամբողջ այս աղմուկը եղավ, որոշ նյութերի ծանոթացա, ու պարզվեց, որ «Միլդրոնատն» ինչ-որ ճիշտ ձևով օգտագործելու դեպքում հնարավոր է թաքցնել արգելված այլ դեղամիջոցների օգտագործումը, այն նաև քողարկիչ դեր է կատարում։

Ինձ մոտ կասկած չի հարուցում այն, որ ըմբշամարտի գերտերությունները՝ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, ինչ-որ յուրահատուկ վերականգնիչներ օգտագործում են, սակայն չգիտեմ՝ արգելվա՞ծ են դրանք, թե՞ ոչ։ Այս դեղամիջոցի հետ կապված զգուշացումը մենք ստացել ենք սեպտեմբերին։ Հայաստանի հակադոպինգային կոմիտեն զգուշացրել էր երկու հավաքականների գլխավոր մարզիչներին, նրանք էլ հավաքեցին բոլորիս ու զգուշացրին, որ 2016 թվականի հունվարի 1-ից «Միլդրոնատը» կարգելվի:

-Ռուսաստանում «բռնված» ըմբիշներից դեռ երկուսի անունն են նշում՝ Եվգենի Սալեև և Սերգեյ Սեմյոնով, սակայն Միխայել Մամիաշվիլին շատ անհագստացած է երևում և բացատրություններով հարցազրույցներ է տալիս։ Միգուցե Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչում նվաճած ռուս ըմբիշները նույնպես մաքուր չեն։

-Եթե Եվրոպայի առաջնությանը մասնակցած ըմբիշները օգտագործել են «Միլդրոնատ», ապա վաղ թե ուշ կբռնվեն։ Անհնար է WADA-ի թեստը անցնել և դրական արդյունք չստանալ, եթե արգելված ինչ-որ բան ես օգտագործել։ Համենայն դեպս, ես այդպիսի դեպք չեմ հիշում։ Այն, որ Ռուսաստանի հավաքականի 90%-ը օգտագործում էր «Միլդրոնատ», կրկին կասկած չկա։ Այնտեղ դա շատ ընդունված դեղամիջոց էր: Հարցն այն է՝ դադարեցրե՞լ են WADA-ի հայտարարությունից հետո, թե՞ շարունակել են օգտագործել։ Մի նրբություն ևս․ տեղյակ եմ, որ եթե նախկինում շատ ես օգտագործել «Միլդրոնատ», ապա դեղամիջոցի՝ օրգանիզմից դուրս գալու շրջանը կես տարուց ավելի կարող է տևել։ Այնպես որ՝ ուսումնասիրելու համար դեռ շատ մանրուքներ կան։ 

-Արթուր Ալեքսանյան-Նիկիտա Մելնիկով գոտեմարտի մասին շատ խոսվեց, ու հակասական կարծիքները շատ էին։ Մրցավարական գործոնն ազդե՞ց այդ գոտեմարտի արդյունքի վրա։

-Մինչև առաջին րոպեն ազդեց, դրանից հետո մրցավարը առաձնակի կողմնապահություն չդրսևորեց, քանի որ արդեն կարիքն էլ չկար։ Եթե դու բարձրակարգ մարզիկին 4 միավորանոց գցում ես տալիս, պետք է 5 հետ բերես, իսկ նման հավասար մարզիկների պայքարում 5 միավոր հետ բերելը անչափ բարդ է։ Երբ Արթուրը 4 միավոր զիջեց Մելնիկովին, պասիվացավ։ Հավանաբար, մտածում էր, որ հաշվի առնելով երկուսի բարձրակարգ ըմբիշ լինելու հանգամանքը՝ առնվազն գոնե մեկ անգամ հակառակորդին կիջեցնեն չորեքթաթ դրություն, ինչը չեղավ։ Չնայած այդ պարագայում այնքան չեմ մեղադրում մրցավարին, ինչքան առաջին մեկ րոպեի ընթացքում, երբ պասիվության համար Արթուրին իջեցրեց չորեքթաթ դրություն, քանի որ ոչ մի օբյեկտիվ հիմավորում չկար դրա համար։ Պատկերացրեք՝ եթե Մելնիկովին առաջինը իջեցնեին չորեքթաթ դրություն, ամեն ինչ այլ սցենարով կգնար․ վատագույն դեպքում Արթուրը մեկ գլորում կաներ, կվաստակեր 2 միավոր։

Նայեք իմ բոլոր գոտեմարտերը Ռոման Վլասովի հետ, ես չորեքթաթ դրություն եմ իջնում 1 րոպե 30 վայրկյանին մոտ ժամանակահատվածում, իսկ նրան իջեցնում են այդ դրություն կամ առաջին փուլի 2 րոպե 30 վայրկյան ժամանակահատվածից հետո, կամ երկրորդ մրցափուլում, երբ առավելագույնս հոգնած եմ։ Հասկանում եմ՝ դա հիմնավորում և արդարացում չէ: Պետք է կարողանալ այդ դեպքում էլ պայքարել, պարզապես երբ խոսում ենք արդար մրցավարությունից, պետք է դա էլ նշել։ Միշտ ռուս մարզիկների հետ այդպես է․ առաջինը հակառակորդին են իջեցնում չորեքթաթ դրություն, եթե 2-3 անգամ ավելի ակտիվ չես, իսկ դա հազվադեպ է լինում, քանի որ ռուս ըմբիշներն էլ տիտղոսակիր ու բարձրակարգ մարզիկներ են։ Կարծում եմ՝ լուծումը մեկն է՝ պետք է կարողանանք առաջինը նստելով միավոր չտալ: Ճիշտ է՝ բարդ է, բայց եթե ուզում ես չեմպիոն լինել, պետք է հաղթահարես։

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ 96 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ գոտեմարտում հանդիպել էին բելառուս Տիմոֆեյ Դենիչենկան և ռուս Ռուստամ Տոտրովը։ Առաջին մրցափուլի վերջին 15 վայրկյանում այնպես արեցին, իբր բելառուս մարզիկը բռնել է ռուս ըմբիշի ոտքից, և վերջինս անցավ եզրափակիչ (Տատրով-Դենիչենկա կիսաեզրափակիչ գոտեմարտը՝ այստեղ)։ Այդ ամենը պետք է հաշվի առնել։ Այդտեղ էլ է երևում մարզիկի փորձն ու սառնասրտությունը, սադրանքներին չտրվելու կարողությունը։ Այս Եվրոպայի առաջնությանը 98 կգ քաշային կարգում տեսաք թուրք Չենկ Իլդեմի պահվածքը. նա ոչ մի բան չանելով, չվաստակելով տեխնիկական ոչ մի միավոր ու սադրելով մրցակիցներին՝ բրոնզե մեդալ նվաճեց։ Թուրքերը այս Եվրոպայի առաջնություն եկել էին հատուկ մարտավարությամբ՝ իրենց ձեռքը դնում էին մրցակցի գլխին, հետո մրցակցի գլուխը քաշում, խփում իրենց գլխին, և մրցավարը նկատողությունը տալիս էր հակառակորդին, իսկ իրենց՝ միավորը (Չենկ Իլդեմ-Ալեքսանյան կիսաեզրափակիչ, Իդլեմ-Տիմչենկո բրոնզե մեդալի համար գոտեմարտ)։ Պատկերացրեք՝ այդ ամենը չգիտես ու գնում ես Օլիմպիական խաղեր։ Շատ բարդ է Օլիմպիական խաղերում, պետք է կատարյալ պատրաստ լինես։ Շատ տաղանադավոր մարզիկներ են մտածել, որ անպայման մեդալակիր կդառնան, բայց նման բան չի եղել: Օլիմպիական խաղերի պատասխանատվությունը շատ մեծ է։

 

 Զրուցեց Հասմիկ Գրիգորյանը
Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևեք մեզ նաև Telegram-ում