«Ռեալը» «Կամպ Նոուում» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Ռեալը» «Կամպ Նոուում» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում կայացավ համաշխարհային ֆուտբոլի ամենասպասված հանդիպումներից մեկը՝ Կլասիկոն:

Առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց սկզբունքային մրցակցին՝ Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղակեսը նշանավորվեց կոպիտ պայքարով, Սերխիո Ռամոսի՝ Լիոնել Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելուց հետո չնշանակված 11-մետրանոց հարվածով, դաշտի տերերի զգալի առավելությամբ, բայց ոչ գոլերով:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, անկյունային հարվածի խաղարկումից հետո Խերարդ Պիկեն առաջ մղեց կատալոնական թիմին, սակայն 6 րոպե անց Կարիմ Բենզեման վերականգնեց հաշվի հավասարությունը՝ դառնալով հիանալի գոլի հեղինակ:

81-րդ րոպեին գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը չհաշվեց Գարեթ Բեյլի խփած գոլը, սակայն մադրիդյան թիմին հաջողվեց Կատալոնիայից 3 միավորով հեռանալ. 85-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Նշենք, որ «Ռեալը» խաղն ավարտեց 10 հոգով. 83-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց ավագ Սերխիո Ռամոսը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 69 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Զիդանի թիմը «Բարսելոնային» զիջում է արդեն 7 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»՝ 1:

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոնա» – «Ռեալ»՝ 1:2
Գոլերը՝ Պիկե 56′ – Բենզեմա 62′, Ռոնալդու 85′
Հեռացում՝ Ռամոս 83′

Հետևեք մեզ նաև Telegram-ում