ՉԼ. Արտագնա խաղում «Ռեալը» պարտվեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

ՉԼ. Արտագնա խաղում «Ռեալը» պարտվեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից «Ռեալը» 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում պարտվեց «Վոլֆսբուրգին»:

Զինեդին Զիդանի սաներն առաջին խաղակեսը լիովին ձախողեցին՝ հարձակման գծում աչքի չընկնելով վտանգավոր գործողություններով և բաց թողնելով 2 գոլ: Հանդիպման 17-րդ րոպեին Կազեմիրոն սեփական տուգանային հրապարակում խախտեց Անդրե Շյուրլեի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Ջանլուկա Ռոկին հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը: 

«Սերուցքայինները» չէին հասցրել ուշքի գալ բաց թողած գոլից հետո, երբ 25-րդ րոպեին Մաքսիմիլիան Առնոլդը երկրորդ գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

Երկրորդ կեսում «Ռեալի» ֆուտբոլիստները փոքր-ինչ ակտիվացան, սակայն գոլեր խփել չկարողացան. «Վոլֆսբուրգը» հուսալի էր պաշտպանությունում և պատասխանում էր վտանգավոր հակագրոհներով: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

«Վոլֆսբուրգ» – «Ռեալ»՝ 2:0
Գոլերը՝ Ռոդրիգես 18’/11-մետրանոց, Առնոլդ 25′ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում