ՉԼ. Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում մադրիդյան թիմը 0:2 հաշվով պարտվել էր «Վոլֆսբուրգին», սակայն պատասխան խաղում կարողացավ տպավորիչ հաղթանակ տոնել:

Ինչպես ակնկալվում էր, Զինեդին Զիդանի սաները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը՝ հյուրերին ստիպելով մտածել միայն պաշտպանության մասին: Մադրիդցիների ճնշումը 16-րդ րոպեին տվեց իր արդյունքը. Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց իր թիմին: Մեկ րոպե հետո պորտուգալացի հարձակվողին հաջողվեց դուբլ ձևակերպել և վերականգնել դիմակայության հաշվի հավասարությունը:

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում «Ռեալը» շարունակեց վերահսկել գնդակի տեղաշարժը, «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին, սակայն ընդմիջումից առաջ նոր գոլեր չարձանագրվեցին:

Երկրորդ խաղակեսում պատկերն էականորեն չփոխվեց, և «Ռեալի» ֆուտբոլիստները ժամանակի մեծ մասն անցկացրեցին մրցակցի տուգանային հրապարակում: Մադրիդցիների դիրքային գրոհներն արդյունք չտվեցին, փոխարենը խաղի հերոս Կրիշտիանու Ռոնալդուն 77-րդ րոպեին տուգանային հարվածից երրորդ գնդակն ուղարկեց Դիեգո Բենալյոյի պաշտպանած դարպասն ու իր թիմին կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր պարգևեց: 

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ» – «Վոլֆսբուրգ»՝ 3:0 / 3:2
Գոլերը՝ Ռոնալդու 16′, 17′, 77′

Հետևեք մեզ նաև Telegram-ում