Կարապետ Չալյանը հաղթեց թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճեց

Կարապետ Չալյանը հաղթեց թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճեց

Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվում է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Ապրիլի 16-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը (75 կգ), 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, ով փոխարինել է վնասվածք ստացած Արթուր Շահինյանին, ազատոճայիններ Սուրեն Խաչատրյանը (74 կգ) և Մուսա Մուրթազալիևը (86 կգ):

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով հաղթեց հույն մրցակցին, ապա 7:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Չալյանի մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլին էր, ում մեր ըմբիշը պարտվեց 1:2 հաշվով և զրկվեց Օլիմպիական խաղերի ուղեգրից: Բրոնզե մեդալի համար պայքարում Կարապետ Չալյանը 3:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց, սակայն քառորդ եզրափակչում 2:4 հաշվով պարտվեց բուլղարացի մարզիկին, ով հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մանուկյանին պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն հայ ըմբիշը պարտվեց սփոփիչ գոտեմարտում:

74 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը հաղթական երկու գոտեմարտ անցկացրեց, իսկ կիսաեզրափակչում 0:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի մարզիկին: Հայ մարզիկը պարտվեց նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում: 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց լեհ մարզիկին և լքեց պայքարը:

Ապրիլի 17-ին մրցագորգ դուրս կգան ազատոճային Էդգար Ենոքյանը (97 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում