Կարեն Աղամալյան․ Մենք նահանջելու տեղ չունեինք

Կարեն Աղամալյան․ Մենք նահանջելու տեղ չունեինք

Թուրքական Սամսուն քաղաքում ավարտված բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարից հայ բռնցքամարտիկները վերադարձան 5 մեդալով և 4 օլիմպիական ուղեգրով։ 

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշեց, որ մրցաշարը, որին մասնակցում էր 41 երկրի 236 մարզիկ, լարվածությամբ չէր զիջում ո՛չ Եվրոպայի, ո՛չ էլ աշխարհի առաջնություններին։

«Եթե հաշվի առնենք այն փաստը, որ մրցաշարը Թուրիքայում էր, և մեր վերջին հնարավորությունն էր օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու, գուցե մեզ համար ավելի պատասխանատու ու լարված ստացվեց։ Մինչ Սամսուն մեկնելը հավաքներ էինք անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում, որտեղ չեմ խնայել ո՛չ ինձ, ո՛չ մարզիկներին։ Մենք նահանջելու տեղ չունեինք։ Նայելով տղաների աչքերին՝ ես գիտեի, որ կարող են վարկանիշ ձեռք բերել։ Ճիշտ ու մեծ ծավալով աշխատանքը տվեց իր արդյունքը։ Մեկնելուց առաջ՝ օդանավակայնում, ես ասացի, որ մենք էլ գնում ենք մեր «պատերազմը անելու» ու Փառք Աստծո, որ հաղթած վերադարձանք»,- ասաց մարզիչը:

Անդադառնալով ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի նախնական հայտարարությանը, թե բռնցքամարտիկները չեն մեկնի Թուրքիա՝ կապված ղարբաղա-ադրբեջանական հակամարտ ուժեի շփման գծում ապրլինի 2-ից սկսված լարվածության հետ, Կարեն Աղամալյանը ասաց, որ այդ հայտարարությունն արվել է միայն անվտանգության նկատառումներից ելնելով․

«Հայտարարությունից հետո ՀԱՕԿ-ի միջնորդությամբ ՄՕԿ-ի ու բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից անվտանգության երաշխիքներ ստացանք և մեկնեցինք Թուրքիա»։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մինչ Օլիմպիական խաղերը ծրագրում է որևէ ասիական երկրի հավաքականի հետ համատեղ հավաք անցկացնել։

Sport.Times.am-ի այն հարցին, թե արդյոք ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը գո՞հ է տղաների ցույց տված արդյունքներից, Կարեն Աղամալյանը պատասխանեց․

«Միանշանակ, գոհ է արդյունքներից, սակայն պետք է մոռանանք, որ 4 ուղեգիր ունենք, դա փակված էջ է։ Օլիմպական խաղերն են առջևում և պետք է մտածել այնտեղից մեդալներով վերադառնալու մասին»։

Կարեն Աղամալյանը թիմը գլխավորեց Դավիթ Թորոսյանից հետո։ Հարցին, թե ի՞նչ վիճակում ստացավ թիմը, ասաց, որ անցյալից չի սիրում խոսել․ «Ամեն մարզիչ իր աշխատելաոճն ունի»,- ասաց Կարեն Աղամալյանը:

Sport.Times.am-ի հարցին, թե ի՞նչ տակտիկա էր մշակված քառորդ եզրափակիչ Արամ Ավագյան (Հայաստան) – Իբրահիմ Գոգչեկ (Թուրքիա) մենամարտի համար, հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ կար հատուկ ծրագիր՝ ինչպես մենամարտել թուրք մարզիկի հետ․

«Արամը թիմի ամենափորձառու բռնցքամարտիկներց է, նա իր մեջ էլ մտածեց և հասկացավ, թե ինչ պետք է անի, ինչ տեմպով մենամարտի, որ դիմանա, քանի որ բավականին շատ քաշ է գցում, և հասավ իր ուզածին։ Հնարավոր է՝ այս մրցաշարը Թուրքիայում չլիներ, տղաները այդքան մոտիվացված չլինեին»,- խոսքն ավարտեց Կարեն Աղամալյանը։

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը, վերլուծելով Անուշ Գրիգորյանի անցկացրած մենամարտերը, ընդգծեց, որ սա Անուշի ընդամենը երկրորդ փորձն էր մեծահասակների մեջ հանդես գալու․

«Անուշ Գրիգորյանը երկրորդ անգամ է մասնակցում մեծահասակների մրցաշարի: Առաջինը Բուլղարիայի մրցաշարն էր, որտեղ անհաջող հանդես եկավ, իսկ այստեղ 3 մենամարտ անցկացրեց և հաղթեց երկուսում։ Նա առաջադիմում է։ Անուշը մայիսի 19-27-ը կմասնակցի Աստանայում կայանալիք կանաց աշխարհի առաջնությանը, որտեղ ամեն քաշային կարգում կխաղարկվի 4 օլիմպիական ուղեգիր։ Ուսումնամարզական հավաքների ընթացքում պարզ կլինի, թե Անուշից բացի աշխարհի առաջնությունում ով կներկայացնի Հայաստանը»։

56 կգ քաշային Արամ Ավագյանը խոսեց մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ մենամարտի մասին.

«Առհասարակ լարվածություն չեմ զգացել ո՛չ ադրբեջանցի, ո՛չ էլ այլ մարզիկի հետ մենամարտելիս։ Պարզապես, երբ կիսաեզրափակիչ մենամարտում մրցավարը առաջին ռաունդի առաջին րոպեներին ինձ զգուշացրեց և միավոր հանեց, որոշակի լարվածություն սկսվեց։ Մինչ այդ ինչ մտածել էի, ինչ ծրագրել էի ռինգում անել, չհաջողվեց։ Նյարդերս տեղի տվեցին, ու ստացվեց այնպես, որ ադրբեջանցին արեց այն, ինչ ուզում էր։ Երկրորդ նկատողությունից հետո հասկացա, թե ինչ տակտիկա է ընտրվել իմ դեմ, և մտածում էի՝ միայն ծանր հարված հասցնեմ, որ հակառակորդիս տապալեմ, բայց նման պարագայում շատ դժվար է, քանի որ լարվածությունն ավելի է քեզ խանգարում»,- ասաց Արամը։

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կիսաեզրափակիչ մենամարտից սկսած ռինգ է դուրս եկել բարձր ջերմությամբ, բայց այդ փաստը չի խանգարել հայ բռնցքամարտիկին հաղթանակ տանել և դուրս գալ եզրափակիչ․

«Եզրափակչում արդեն առողջական խնդիրս զգացնել տվեց, և չկարողացա ամբողջովին կենտրոնանալ մենամարտի վրա։ Սակայն ամենակարևորը՝ օլիմպիական ուղեգիրը, ձեռք եմ բերել»,- ասաց նա։

ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն էլ, ով Սամսունում եղել է մեր պատվիրակության ղեկավարը, ասաց, որ լավ մարզվելու ու մինչև վերջ պայքարելու դեպքում հաջողություններն անխուսափելի են․

«Տղաները գիտակցեցին, որ սա իրենց վերջին հնարավորությունն է մասնակցելու Օլիմպիական խաղերին, նրանք սահմանի վրա էին կանգնած և հաղթահարեցին այդ սահմանը։ Ինչ վերաբերում է 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովին, ուզում եմ շեշտել, որ նա չի պարտվել։ Լիտվացի բռնցքամարտիկի հետ կիսաեզրափակիչ մենամարտում հաղթանակը խլեցին նրա ձեռքից՝ սա իմ կարծիքն է որպես մասնագետ։

Տարբեր ճանապարհներ ենք փնտրում, որպեսզի նա կարողանա վարկանիշ ձեռք բերել։ Շատ բարդ է, քանի որ մնացել է մեկ վարկանիշային մրցաշար, որը կայանալու է Բաքվում։ Եթե ես վստահ լինեմ, որ 80 տոկոս հնարավորություն կա այնտեղ վարկանիշ ձեռք բերելու, կգնանք, բայց ես չունեմ այդ հավատը»,-ասաց Գաբրիելյանը:

 

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում