«Բանանց»-«Փյունիկ». հետխաղյա մեկնաբանություններ

«Բանանց»-«Փյունիկ». հետխաղյա մեկնաբանություններ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի՝ «Բանանց»-«Փյունիկ» (1:1) խաղից հետո թիմերի մարզիչները պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Հավասարակշռված խաղ էր։ Ստանդարտ իրավիճակում մեր իսկ սխալի պատճառով գոլ բաց թողեցինք, հետո հավասարեցրեցինք հաշիվը, բայց, կարծում եմ, ավելիին էինք արժանի»,-ասաց «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն:

Անդրադառնալով խաղի վերջում տեղի ունեցած միջադեպին՝ Տիտո Ռամալյոն ասաց, որ չի ուզում բողոքել մրցավարությունից, բայց չի հասկանում՝ ինչպես կարելի է նույն արարքի համար մի թիմի ֆուտբոլիստին պատժել, իսկ մյուս թիմի ֆուտբոլիստին՝ ոչ։

«Ավելի լավ է՝ արտահայտեմ կարծիքս, որ ոչ մի գատնիք չմնա։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է մեկի գործողությունը պատժել, իսկ մյուսինը՝ ոչ։ Այստեղից արդեն պետք է որոշենք, թե ինչ տիպի ֆուտբոլ ենք ուզում ունենալ»,- ասաց մարզիչը:

Հարցին, թե արդյո՞ք Զավեն Բադոյանի տեղափոխությունը ձախ եզրից կենտրոն փորձարկում էր և որքանո՞վ այն աշխատեց, Տիտո Ռամալյոն պատասխանեց, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են տարբեր դիրքերում խաղալ։

«Բանանցի» գլխավոր մարզիչը նաև ասաց, որ այս պահին իրենց ամենամեծ խնդիրը Միգելի վնասվածքն է, քանի որ պարզ չէ՝ ֆուտբոլիստը մինչ Գավաթի խաղարկության եզրափակիչը կվերականգնվի՞, թե՞ ոչ։

«Ավելի շատ կենտրոնացած ենք Գավաթի խաղի վրա: Վատ է, որ Միգելը վնասվածք ստացավ: Ուզում եմ՝ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ լինեն այդ խաղին։ Դա չի նշանակում, որ մյուս խաղերին չենք նվիրվում 100%, սակայն եկեք իրատես լինենք՝ 7-րդ հորիզոնականից բարձրանալը ոչինչ չի տալիս, իսկ գավաթը նվաճելը շատ բան է տալիս»,-խոսքը եզրափակեց Տիտո Ռամալյոն:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն այս օրերին Ֆրանսիայում ՊՐՈ արտոնագրման դասընթացների է մասնակցում և նրան փոխարինում է օգնական Արթուր Մկրտչյանը, ով ասաց, որ գոհ է թիմի խաղից․ «Երկու կողմից էլ լավ խաղ ստացվեց։ Հաղթելու համար պետք է 90 րոպե զգոն լինել»:

Հարցին, թե ինչո՞ւ Վարազդատ Հարոյանը հայտավորված չէր մեկնարկային կազմում, Մկրտչյանը տվեց հետևյալ պատասխանը.  «Սա ոչ մի բանի հետ կապված չէ: Այդպես ենք որոշել: Մեզ համար բոլորն էլ հավասար են»։ 

Արթուր Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը։

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում