Արթուր Գևորգյան. Օլիմպիական խաղերի նախապատրաստման մի քանի տարբերակ ունենք

Արթուր Գևորգյան. Օլիմպիական խաղերի նախապատրաստման մի քանի տարբերակ ունենք

Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճեցին Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր, ինչպես նաև 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Թուրքիայի մրցաշարի և Օլիմպիական խաղերի նախապատրատության մասին:

-Պարո’ն Գևորգյան, հայ բռնցքամարտիկները Թուրքիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր նվաճեցին: Արդյո՞ք սպասում էիք նման արդյունք:

-Բազմիցս ասել եմ, որ հավաքականի ցանկացած անդամ, ում մենք վստահում ենք, ով մասնակցում է մրցաշարերի, ունակ է մեծ արդյունքներ ցույց տալու: Ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք` ապացուցվեց, և մեր կանոնավոր աշխատանքը տվեց իր արդյունքը: Շատ եմ ափսոսում, որ մեր ամենաարժանի մարզիկներից մեկը` Հովհաննես Բաչկովը չկարողացավ օլիմպական ուղեգիր ձեռք բերել: Եթե լավ հիշում եք Բաչկովը և’ Եվրոպայի, և’ աշխարհի առաջնություններում սկզբնական փուլերը հաջողությամբ հաղթահարել է և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել մեդալ նվաճել: Ցավոք սրտի, մեր վերջին հնարավորությունը չենք կարող օգտագործել, քանի որ այն տեղի է ունենալու Բաքվում: Ունենք մեկ հնարավորություն աղջիկներից: Անուշ Գիգորյանը կփորձի Աստանայում նվաճել օլիմպիական ուղեգիր:

-Մինչ Օլիմպիական խաղերը դեռ 3 ամսից մի փոքր ավելի ժամանակ կա: Մինչ այդ ի՞նչ նախապատրաստություն են անցնելու բռնցքամարտիկները:

-Նախապատրաստման մի քանի տարբերակ ունենք: Մի քանի առաջարկներ եմ արել գլխավոր մարզչին: Մենք ունենք տարբերակ բռնցքամարտի օլիմպիական թիմով նախապատրաստվելու ԱՄՆ-ում: Հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգներն ու Օլիմպիական խաղերի մրցավայրը գտնվում են նույն ժամային գոտում, և գրեթե նույն կլիմայական պայմաններն են, այդ պատճառով ԱՄՆ-ում շատ հարմար կլիներ նախապատրաստվելը: Տարբերակներից մյուսը ասիական երկրների հետ համատեղ հավաք անցկացնելն է: Ընտրությունն ամեն դեպքում գլխավոր մարզչինն է, քանի որ թե’ լավ, թե’ վատ արդյունքի համար պատասխանատվությունը կրելու է գլխավոր մարզիչը, այդ պատճառով այդ հարցում նա ազատ է իր ընտրության մեջ, և կարծես թե գլխավոր մարզիչը հակված է ասիական հավաքականների հետ համատեղ հավաք անցկացնելուն:

-Բռնցքամարտիկների համար վարկանիշային վերջին մրցաշարը տեղի է ունենալու Բաքվում: Արդյո՞ք կմասնակցեն մյուս քաշային կարգի բռնցքամարտիկները Բաքվում կայանալիք մրցաշարին:

-Եթե Թուրքիայի հետ կապված մենք ունեինք մտավախություններ, զգուշանում էինք և փորձում էինք ավելի բարձր մակարդակով ստանալ անվտանգության երաշխիքներ, ապա Բաքվի պարագայում դա բացառված է: Այնպես որ՝ Թուրքիայի մրցաշարը Օլիմպիական ուղեգիր նվաճելու` բռնցքամարտիկների վերջին հնարավորությունն էր:

-Նախորդ տարվա վերջում մարզչական նոր նշանակումներ տեղի ունեցան: Ինչպե՞ս կամփոփեք մարզիչների աշխատանքն այս ժամանակահատվածում:

-Ժամանակն այնպիսին է, որ չես կարող ամեն ինչ վերագրել այս ժամանակահատվածին: Բոլոր մարզիչներն էլ լավ են աշխատել, գոհ եմ եղել բոլորից: Ինձ ավելի շատ անհանգստացնում է թիմի ընդհանուր մթնոլորտը: Այսօր քիչ թե շատ կայուն և համերաշխ մթնոլորտ է տիրում, ինչը վաղ թե ուշ տալու է իր արդյունքը: Ամեն դեպքում ես շնորհակալ եմ այն մարզչական խմբին, որն աշխատում է հավաքականի հետ, ինչպես նաև անձնական մարզիչներին, ովքեր հսկայական աշխատանք են կատարում:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք Օլիմպիական խաղերից:

-Մեր բռնցքամարտիկները երիտասարդ և շնորհալի տղաներ են: Կարծում եմ, որ իրենց խոսքը պետք է ասեն, քանի որ արդեն հասունացել է այդ պահը: Պետք չէ մոռանալ, որ Օլիմպիական խաղերը կատակ բան չէ և բավականին լուրջ մարզիկներ` Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ չեն կարողանում հաղթահարել Օլիմպիական խաղերի լարվածությունը: Ամեն դեպքում, կարծում եմ՝ դա չպետք է խանգարի մեր տղաներին, քանի որ նրանք բազմափորձ են: Նորեկները քիչ են հավաքականում: Ամեն ինչ այսօրվա մարզիչների ձեռքում է, թե ինչպես կպաստրաստեն և կտրամադրեն տղաներին կոնկրետ օրվա մարտին, քանի որ բռնցքամարատում գործ ունես կոնկրետ անհատի հետ, ոչ թե գործիքի: Այստեղ ավելի շատ բնավորության ու ինտելեկտի կռիվ է, ոչ թե ուժի: Կախված է նրանից, թե կոնկրետ հակառակորդի հետ մարզիչն ինչպես կկարողանա դասավորել մենամարտը: Մի խոսքով՝ մարզչական թիմից շատ բան է կախված այս փուլում: Ես` որպես ֆեդերացիայի նախագահ, պետք է ստեղծեմ նրանց համար բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան լավ նախապատրաստվել և կաշկանդված չլինեն ոչ մի հարցում:

Երբ մենք ասում էինք, որ կունենանք Օլիմպիական խաղերի 3-4 ուղեգիր, բոլորը թերահավատորեն էին վերաբերվում: Միայն մենք էինք վստահ այդ հարցում: Ապրիլյան պատերազմական իրավիճակը տղաներին «թասիբի գցեց» ու այն, որ մրցաշարը Թուրքիայում էր, դա էլ ավելի մոտիվացրեց: Ամեն ինչ լավ ստացվեց: Ապրեն տղաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում