Տարոն Ոսկանյան. Ոմանց պարզապես ձեռնտու է զոհի կարգավիճակում ներկայանալ (տեսանյութ)

Տարոն Ոսկանյան. Ոմանց պարզապես ձեռնտու է զոհի կարգավիճակում ներկայանալ (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի՝ «Բանանց»-«Փյունիկ» (1:1) հանդիպման վերջնամասում Տարոն Ոսկանյանի և Լայերսիոյի միջև բախում տեղի ունեցավ: Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Տարոն Ոսկանյանը նշել է, որ մրցակիցն առաջինն է հրահրել իրադրությունը:

«Միջադեպը լայն արձագանք ստացավ, սակայն ցավալի է, որ բոլոր մեկնաբանությունները միակողմանի էին: Խառը պայքարում ես արդեն շրջանցել էի մրցակցին, երբ նա ինձ դիտմամբ հարվածեց հետևից, ինչն ինձ ուղղակի հանեց հունից: Գնդակն արդեն ինձ մոտ էր, ու հակագրոհի հիանալի հնարավորություն ունեինք, ինչու՞ պետք է թողնեի խաղն ու հետ դառնայի: Հասկանալի է, որ տանտերերի խաղացողն առաջինն էր խախտում թույլ տվել, իսկ ես տրվեցի նրա սադրանքին:

Մրցավարը նույնպես նկատել էր դա ու սուլեց: Ափսոսում եմ, որ տեսանյութում այդ խառը իրավիճակում հստակ չի երևում նրա արարքը: Ու թեև ես թեթև հրեցի, նա շատ վարպետորեն ընկավ: Ոմանց պարզապես ձեռնտու է զոհի կարգավիճակում ներկայանալ: Ցավ է պատճառում կարդալ լրատվամիջոցների կողմից միակողմանի մեկնաբանությունները, չէ՞ որ շատ ֆուտբոլասերներ են կարդում այդ մեկնաբանություններն ու ոչ ճիշտ հետևություններ անում:

Եթե ինձ հետևից ոչ ֆուտբոլային ձևով չհարվածեին, ես ոչ մի դեպքում չէի բորբոքվի: Պատրաստ եմ պատժվել արարքիս համար, բայց ոչ միակողմանի՝ թող դիմացի թիմի ֆուտբոլիստի արարքն էլ համապատասխան ուշադրության արժանացվի:

Եվ վերջում, մրցավարին կողմնակալության մեջ մեղադրելուց առաջ թող հիշեն, որ այդ նույն մրցավարը չհաշվեց մեր հաղթական գոլը նույն խաղում»,-Ոսկանյանի խոսքը մեջբերված է «Փյունիկի» պաշտոնական կայքից:

Լուսանկարը՝ «Բանանցի» մամուլի ծառայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում